14/11/2018 14:42
Արցախի և Հայաստանի միջև առաջիկայում կկնքվի ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր. Վիտալի Բալասանյան. Aravot
Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է, Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձևակերպումը, այլ ոչ թե` «տարածքային ամբողջականության երաշխավոր», քանի որ այսօր մենք Ադրբեջանի հսկողության տակ ունենք տարածքներ», - ասել է Վ. Բալասանյանը:
Նա նշել է, որ մայիսին ՀՀ իշխանություններին նման առաջարկ է արվել, և առաջարկն ընդունվել է: Ըստ Վ. Բալասանյանի՝ տրվել են համապատասխան հանձնարարականներ, տարվել են աշխատանքներ և կարելի է ասել, որ փաթեթն արդեն պատրաստ է:
«Ուղղակի հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված` այն որոշակիորեն հետաձգվել է: Սակայն համոզված եմ, որ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո` կարճ ժամանակ անց, մենք կունենանք այդ փաստաթուղթը»,- նշել է ԱԽ քարտուղարը: