14/11/2018 12:10
ԵԱՀԿ դիտարկումը Հադրութի ուղղությամբ անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Հարրի Օ’Կոնորը (Իռլանդիա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: