14/11/2018 15:35
Էմիլ Կարատը՝ Մարիամ Մերաբովայի համերգի, անակնկալների ու Հայաստանում աշխատանքի մասին
Մարիամ Մերաբովան Հայաստանում շուտով հանդես է գալու մենահամերգով։ Զրուցակիցը շոումեն, հաղորդավոր Էմիլ Կարատն է։
- Անդրադառնանք Մարիամ Մերաբովայի հայաստանյան համերգին: Տեղյակ ենք, որ սա սիրված երգչուհու առաջին այցը չէ Հայաստան: Ինչո՞վ է յուրահատուկ լինելու այս համերգը:
- Եթե խոսում ենք Մարիամի և նոյեմբերի 29-ի համերգի մասին, ապա ես առաջին հերթին պետք է ասեմ, որ միշտ իմացել եմ ու ասել եմ Մարիամին, որ նա ունի մեծ երգացանկ ներկայացնելու հնարավորություն: Նա հիանալի կատարում է սովետական էստրադային երգերն ու լիրիկական, դրամատիկ ստեղծագործությունները, բալլադները: Կատարում է դրանք ուրույն, իրեն բնորոշ ձևով: Բայց նա շարունակում էր նվաճել ջազային կատարողական արվեստի բարձրունքները: Այդ ժամանակ երգչուհու ստեղծագործական կյանքում հայտնվեցին այնպիսի վոկալ ու հեռուստատեսային նախագծեր, ինչպիսիք են «Голос»-ը, «Три аккорда»-ն ու այլք: Երգչուհու կյանքը թելադրեց, որ նա պետք է ներկայացնի վառ և նոր երգացանկային ներկապնակ, որը դարձավ «Երջանկության 100 ժամ» ծրագրի հիմք: Ծրագրի պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվայի Միությունների տանը: Ես մշտապես ցանկացել եմ, որ Երևանում ունկնդրեն հենց այդպիսի Մերաբովայի: Կարծում եմ, որ ջազ երաժշտության և Մերաբովայի երկրպագուներն անտարբեր չեն մնա և կբացահայտեն բոլորովին այլ Մարիամի:
- Որքա՞ն ժամանակ է՝ ճանաչում եք Մարիամին և ինչպե՞ս սկսեցիք համագործակցությունը:
- Մեր ծանոթությունն, ընկերությունն ու համագործակցությունը սկսվեցին 1995-ին: Արդեն 23 տարի ճանաչում ենք իրար: Մեր ընկերությունը հսկայական պատմություն ունի, լի լիարժեք փոխըմբռնումով: Ուրախ եմ, որ ես և իմ ընկերները կազմակերպում ենք նրա համերգները մեր հայրենիքում:
- Տեղյակ եմ, որ տարբեր ձևաչափերի միջոցառումներ եք կազմակերպում տարբեր երկրներում: Հե՞շտ է արդյոք աշխատել Հայաստանում: Եվ արդյոք Ձեզ դուր է գալիս այստեղ աշխատելը:
- Միանշանակ պատասխան չունեմ: Նախագծերն ավարտվում են և տարիներ շարունակ մնում են միայն հաճելի զգացողությունները: Պետք է ասեմ, որ Երևանում ամեն ինչ ուրույն է: Դժվարություններ կան ամենուր: Երևանում դրանք սպեցիֆիկ են, քանի որ, օրինակ, Հայաստանում չկան համերգային ռեժիսորներ:
- Որքա՞ն համերգային ծրագրեր եք հասցրել իրականացնել Ձեր գործունեության ամբողջ ընթացքում: Դրանցից քանի՞սն եք իրականացրել Հայաստանում:
- Իհարկե, չեմ հաշվել, բայց երևի մոտ 300: Հայաստանում այդքան էլ շատ չեն եղել հանդիսատեսի համար նախատեսված բաց ծրագրերը: Բաց նախագծերից կարող եմ առանձնացնել 2013-ի Երևանյան երաժշտական շաբաթ փառատոնը, 2015-ի Մերաբովայի համերգային շրջագայությունը, Էռնա Յուզբաշյանի հոբելյանական շրջագայությունը: Մասնակցել եմ նաև Նարգիզի համերգի և «Սառույցի արքաները. Fashion on ice» նախագծի իրականացման աշխատանքներին:
- Ի դեպ, Երևանյան երաժշտական շաբաթ փառատոնի մասին: Նպատակ կա՞ այն ևս մեկ անգամ անցկացնել:
- Փառատոնի գաղափարն ու ձևաչափը շատ հաջողված և խոստումնալից էին: Բայց մոտակա ժամանակներս այն իրականացնելու նպատակ չկա: Կարծում եմ, որ Երևանում բազում միջոցառումներ են անցկացվում, և հանդիսատեսը չի աղքատանա, եթե այն չկրկնենք: