14/11/2018 19:10
Մեկ ամիս առաջ Թատերական ինստիտուտը դադարեցրել է աշխատանքը Ռաֆայել Ջրբաշյանի հետ. պրոֆեսորի դուստրերը վիրավորված են բուհի ղեկավարության վերաբերմունքից
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ղեկավարությունը 61 տարվա համագործակցությունից հետո շուրջ մեկ ամիս առաջ դադարեցրել է աշխատանքային պայմանագիրը ՀԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանի հետ: Այս հանգամանքը վրդովվել է վերջինիս դստրերին, ու պատճառը բոլորովին էլ 97 ամյա հոր՝ աշխատանքից հեռացվելը չէր, այլ՝ տնօրինության կողմից այդ մասին հայտնելու ձևն ու մոտեցումը:
Այո՛, Արվեստի վաստակավոր գործիչն արդեն 97 տարեկան է (անձնագրով՝ 95), ու ինստիտուտին բոլորովին մեղադրելու չէ, որ նրա հետ պայմանագիրն այլևս չի երկարացնում: Սակայն ինչո՞ւ հենց հիմա ու հենց այսկերպ՝ ինքն իրեն հարց է տալիս Նունե Ջրբաշյանն ու նկատում՝ հորը գուցե մի քանի ամիս է մնացել ապրելու, ծեր է, տկար, ու այս նորությունը նրան առավել կխոցի: Մինչ այսօր դուստրերն այս մասին Ռաֆայել Ջրբաշյանին ոչինչ չեն ասել, նա էլ ամեն առավոտ արթնանում է, թուղթ ու գրիչը ձեռքը վերցնում ու ասում՝ ինստիտուտում գործերը կիսատ մնացին, պետք է գնամ, Մուրադյանը (նկատի ունի արդեն նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին՝ հեղ.) սպասում է:
Aysor.am-ը հյուրընկալվել է Ջրբաշյանների բնակարանում, զրուցել Նունե և Նաիրե Ջրբաշյանների հետ, ովքեր ամեն կերպ շարունակում են հորից թաքցնել իրականությունը:
- Տիկին Ջրբաշյան, կմանրամասնե՞ք՝ ե՞րբ ու ի՞նչ հանգամանքներում տեղեկացաք Ռաֆայել Ջրբաշյանի աշխատանքից ազատման մասին:
- Ես համամիտ եմ ու բնական եմ համարում, որ նրան այլևս պետք է կուրս չտային: Ավելին, արդեն մի քանի տարի էր՝ նա կուրս չուներ, որպես պրոֆեսոր-խորհրդատու էր աշխատում: Մինչև նախորդ տարվա դեկտեմբեր ամիսն այս տարիքում գնում էր ինստիտուտ: Նաև՝ ինչ-որ ժամեր էին տալիս, սիրով գնում ու իր կուտակած գիտելիքն ու փորձն ուսանողներին էր փոխանցում: Իր կյանքի մեծ մասը ինստիտուտում է անցել, առանց դրա նա իրեն չի պատկերացնում, ամեն մի այցելությունը բուհ իր կյանքը երկարացնում էր: Երբեմն վրան բարկանում էի, ասում՝ ձյուն է գալիս, ո՞ւր ես գնում, բայց վրան չէր ազդում: Ես էլ եմ աշխատել այդ ինստիտուտում, ինձ այնտեղ բոլորը ճանաչում են: Վերջին շրջանում ամեն անգամ, երբ գնում էի հայրիկիս աշխատավարձը ստանալու, հետաքրքրվում էի՝ հնարավո՞ր է հաջորդ ամիս այլևս չաշխատի: Ինձ ասում էին՝ ոչ, որպես պրոֆեսոր շարունակելու է վճարվել՝ անկախ նրանից՝ աշխատո”ւմ է, թե՞ ոչ: Սակայն հոկտեմբերի 10-ին զանգ ստացանք, թե եկեք վերջնահաշվարկը ստացեք… Կադրերի բաժնում ինձ ասացին՝ պայմանագիրն այլևս չենք երկարացնում, ու ձեռքս հանձնեցին հայրիկիս աշխատանքային գրքույկը: Միթե՞ նա այդքան անարժան է, չէի՞ն կարող որպես պրոֆեսոր, որպես այդ ինստիտուտի՝ տարբեր տարիներին մի քանի բաժինների նախաձեռնող, թեկուզ սիմվոլիկ գումարով՝ պահել, որպեսզի կյանքի վերջին պահերին իրեն անպետք չզգար իր համար այդքան կարևոր բուհի համար: Թող 60 հազար չտային, 30 հազար տային, կամ՝ 15 հազար, կամ՝ 5 հազար, բայց այդպես չվերաբերվեին…
- Այդ մասին Ձեզ հենց ռեկտո՞րն է տեղեկացրել:
- Ո՛չ, այդ օրը ես նրա հետ հանդիպել չկարողացա, ոչ էլ նա հետագայում կապ հաստատեց, այնինչ հորս շուրթերին ամբողջ օրը Մուրադյանի անունն է, հենց արթնանում է, ասում է՝ պիտի գնամ ինստիտուտ: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ իմանա, որ այդ ինստիտուտից հեռացված է. նույն պահին շունչը կփչի… Տգեղ էր նրանց արարքը, շա՜տ տգեղ:
- Արդյոք Ձեր վրդովմունքը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ այս գումարի բացակայությամբ դժվար կլինի նրա խնամքի հետ կապված շատ հարցեր լուծել:
- Մեր վրդովմունքի առաջին ու ամենակարևոր պատճառը վերաբերմունքն է. նա 130 հազար դրամ կենսաթոշակ է ստանում, մենք էլ կանք, փառք Աստծո: Ճիշտ է՝ դժվար է, դիմացը ձմեռ է, բնակարանն ենք ջեռուցում, դայակ ենք վարձել և այլն, բայց մենք, որպես զավակներ, պետք է պահենք մեր ծնողին, ու շատ լավ էլ պահում ենք:
- Արդեն որքա՞ն ժամանակ է, որ պարոն Ջրբաշյանը տանից դուրս չի գալիս:
- Դեկտեմբեր-հունվար ամիսներին կտրուկ վատացավ. ո՛չ կարողանում էր քայլել, ո՛չ շփվում էր, նույնիսկ մեզ չէր ճանաչում: Բացարձակ հույս չունեինք, որ ոտքի կկանգնի, բայց միանգամից լավացավ, փառք Աստծո…
- Փաստորեն այդ 8 ամիսների ընթացքում Թատերական ինստիտուտը չբողոքեց պարոն Ջրբաշյանի բացակայությունից: Օգոստոսի վերջին լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ժառանգները Ռաֆայել Ջրբաշյանին ծերանոց են տարել, որից փաստորեն մեկ ամիս անց նրա հետ աշխատանքային պայմանագիրն այլևս չերկարացրեցին: Հնարավո՞ր է, որ նման որոշման հիմքում հենց այս խոսակցություններն էին. դուք Ձեր ծնողին չե՛ք պահում, մենք էլ ձեզ այդ գումարը չենք տալիս:
- Այդ մասին էլ եմ մտածել, բայց չեմ կարծում: Եվ գիտե՞ք՝ ինչու. մեզ բոլորը գիտեն, ճանաչում են ու հասկանում, որ դա ապատեղեկատվություն էր: Ես ռեժիսոր եմ, քույրս երաժիշտ, մեր մայրն ուսուցչուհի էր՝ ֆրանսերենի մասնագետ, 15 տարի առաջ է մահացել ու այս ամբողջ ընթացքում մենք ենք պահել ու կպահենք մեր հորը: Մենք արդարանալու ոչինչ չունենք, մեր խիղճը հանգիստ է: Տա Աստված՝ մեր երեխաները մեզ պահեն այնպես, ինչպես մենք մեր ծնողին ենք պահում:
- Ի վերջո, դուք տարե՞լ էիք ձեր հայրիկին ծերանոց, թե՞ ոչ:
- Իհարկե՝ ո՛չ: Դա ծերանոց չէր, այլ՝ հատուկ խնամքի մասնավոր կենտրոն, որտեղ մարդկանց ոչ թե անվճար են խնամում ու հոգ տանում, այլ՝ բավական մեծ գումարի դիմաց: Նա երբեմն այնպիսի վիճակում է հայտնվում, որ հատուկ խնամքի կարիք է զգացվում, ինչը տնային պայմաններում անհնար է: Այո՛, երկու անգամ կարճ ժամանակով նրան տարել ենք այդ խնամքի կենտրոն, կազդուրվել է ու տուն ենք բերել: Բայց «դեղին մամուլը» չի կարող չչարախոսել: Դա սուտ էր, շա՜տ դաժան սուտ, ու ինստիտուտի աշխատողներն էլ, բնականաբար, գիտեին, որ դա սուտ է…
Հ.Գ. Aysor.am-ը Ռաֆայել Ջրբաշյանի դուստրերի հետ զրուցել է շուրջ 10 օր առաջ, երբ Թատերական ինստիտուտում դեռևս կադրային փոփոխություն չէր եղել, ու բուհը ղեկավարում էր Դավիթ Մուրադյանը, ում հետ կապ հաստատել մեզ այդպես էլ չհաջողվեց…
Հ.Գ.1 Ռաֆայել Ջրբաշյանին հերթապահությամբ խնամում են երկու դուստրերն ու նրանց զավակները՝ թույլ չտալով, որ 97-ամյա հայրն ու պապիկը միայնակ մնա: Նրանց բացակայության ընթացքում նրա մոտ պարտադիր դայակ է լինում…