ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի փոփոխության դեմ մեղադրանքը պաշտպանող դատախազի ներկայացրած բողոքը բավարարվել է, և Ղազարյանը դարձյալ կկալանավորվի:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է խափանման միջոց գրավը կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը:
«Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին և գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի», - ասաց Գ.Աբրահամյանը:
Ղազարյանի փաստաբանները լռում են. Արմեն Հարությունյանն
Aysor.am-ին ասաց, որ քննչական գործողությունների է մասնակցում և կխոսի ավելի ուշ:
Հիշեցնենք՝ ապօրինի հարստացման համար մեղադրվող Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել էր և կիրառվել էր գրավ՝ 1 մլրդ դրամի չափով: Գրավի այս չափը աննախադեպ էր, և պաշտպանական կողմը հայտարարեց, որ Ղազարյանի ընկերներն են այդ գումարը փոխանցել:
Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: