15/11/2018 11:39
Դեկտեմբերի 9-ի ընտրություններում «ասողների ինստիտուտները» իսպառ պետք է բացառել. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նախընտրական գործընթացներին՝ նշելով, որ ատահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության գրանցման ժամկետը լրացել է:
«Այս ընտրությունները անցկացնելու քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը, ընդունված է ասել, որ մենք խնդիր ենք դրել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ ընրությունները անցկացնել: Ես կարծում եմ, որ այս նշաձողը պետք է բարձրացնել, ասել ոչ թե երրորդ հանրապետոթյան ամենաորակյալ ընտրությունները պետք է լինի, այլ պետք է անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջնահերթ պետք է բացառեն վարչական ռեսուրսի կիրառումը:
«Մասնավորապես, նախկինից հայտնի ավանդույթներ են եղել, երբ այս օրերին, մասնավորապես, հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական պրոցեսների մեջ, պետք է բացառել դա և պետք է այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակները օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար: Նախկինում եղել է, այսպես ասած, «ասողների ինստուտներ», ովքեր ասում էին, թե ում օգտին պետք է քվերակել. այդ երևույթը իսպառ պետք է բացառել», - ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարը պարզաբանեց, որ ընտրողի կամարտահայտելու մեխանիզմը պետք է հստակեցվի և ընտրողը պետք է հետևի քարոզչությանը, քաղաքական բովանդակության մասնակից դառնա և որոշում կայացնի, իսկ ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես ընտրողի կատարած քվեի արդյունքում:
«Մենք պետք է բացառենք մի քվեաթերթիկը, այսպես ասած, սխալ տրցակում տեղադրումը, այդ թվում ներկուսակցական ֆորմատով, քանի որ ռեյտինգային ընտրակարգն է գործում: Մենք շատ հստակ ու խիստ ուղերձ պետք է հղենք, որ ցանկացած մեկն, ով նման փորձ կկատարի, օրենքը կհակազդի ամբողջ ուժով», - ասաց նա:
Անդրադառնալով ուղիղ կամ անուղղակի ընտրակաշառքի պրակտիկային, վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները պատրաստ են ոչ միայն արձագանքելու իրավիճակին, այլ նաև կանխելու այդ երևույթը, քանի որ մեր իրականության մեջ չի կարող այդ երևույթը տեղ ունենա:
«Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում կապահովենք քաղաքական ուժերի ազատ մրցակցությունը, պետք է սահմանափակումնր չլինեն դահլիճների հասանելության առումով, և բոլոր քաղաքական ուժերը հավասար հնաարավորութուններ պետք է ունենան ընտրողների հետ երկխոսելու և շփվելու համար», - ասաց նա:
Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Մենք պետք է անցկացնենք իսկապես բարձր մակարդակի ընտրություններ և որևէ կասկած չունեմ, որ այդպիսի ընտրություններն էլ կանցկացնենք»: