15/11/2018 18:19
Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից առաջին տպավորությունս բացասական է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Ամբողջ տեքստը կստանանք, ավելի մանրամասն կկարողանամ կարծիքս ասել», - ասաց նա։
Հայկ Ալումյանն ընդգծեց՝ ինչքանով որ հասկացել է՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը ցանկանում է գործն ուղարկել Սահմանադրական դատարան։
«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ պարոն Ավետիսյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված հարցերը, ինչպես նաև նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու հետ կապված հարցերը մեր օրենսդրությամբ կարգավորված չեն բավարար հստակությամբ ու այդ հարցը պետք է Սահմանադրական դատարանի լուծմանը ներկայացվի», - ասաց Հայկ Ալումյանը։
Հարցին՝ որոշումը ստանալուց հետո ո՞րն է լինելու հաջորդ քայլը, հնարավո՞ր է Եվրոպական դատարան դիմեն, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Շատ մեծ հավանակությամբ՝ այ՛ո»։
Փաստաբանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը նիստի ժամանակ ներկայացրել է իր փաստարկները։