15/11/2018 18:10
Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի (Տեսանյութ)
ՀՀ Վճռաբեկ դատարանը քիչ առաջ կայացրած որոշմամբ մասնակի բավարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, իսկ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը որոշեց մերժել:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության:
Որոշումն ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից:
Որոշումը կարդաց նախագահող դատավոր Լիլիթ Թադևոսյանը:
Նախագահող դատավորը ներկայացրեց նաև, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը այս գործի վերաբերյալ հատուկ կարծիք է ներկայացրել, որով դատավորը պնդել է, որ Գլխավոր դատախազի և Քոչարյանի փաստաբանների բողոքների վերաբերյալ վարույթը անհրաժեշտ է կասեցնել ու դիմել Սահմաանդրական դատարան:
Հիշեցնենք՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքում Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ ճանաչել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, այսինքն՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը համարել հիմնավոր: Այսպիսով Վճռաբեկ դատարան գլխավոր դատախազի բողոքը բավարարել է մասնակի՝ միայն բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը և այն ուղարկելով նոր քննության: