15/11/2018 16:08
ՀՀԿ ցուցակը սկզբունքային մահապարտների ցուցակ է. Արմեն Աշոտյան
ՀՀԿ ցուցակում Արտաշես Գեղամյանի ու Մենուա Հարությունյանի անունների հետ կապված քննադատությունը ինքնանպատակ է ու արհեստական, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կուսակցության ռեբրենդինգը շարունակական պրոցես է, այն իր ընթացքով գնալու է։ Նիկոլ Փաշինյանի միահեծան որոշումը՝ առաջ բերել խոհրդարանական ընտրությունները մայիսից դեպի դեկտեմբեր, խափանեց նաև տարբեր քաղաքական ուժերի, նախևառաջ, Հանրապետական կուսակցության նորմալ գործընթացը, որը պետք է ավարտվեր նախընտրական համագումարով», - ասաց նա։
Արմեն Աշոտյանը նշեց, թե այդ համագումարով պետք է քննարկվեր կուսակցության նոր մարմինների ընտրությունը, կուսակցական ծրագրի վերանայումը։
«Մենք դեմ էինք արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անելուն, հիմնական պատճառներից մեկը հենց սա էր, որ կուսակցություններն ունենան նորմալ ժամանակ ու հավասար հնարավորություններ՝ պատրաստվելու ընտրություններին», - նշեց նա։
ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց՝ այսօր ՀՀԿ-ի ցուցակում ներառված են մարդիկ, ովքեր կուսակցության համար դժվարին ժամանակահատվածում ուժ, կամք, գիտելիք ու հավատարմություն ունեն՝ շարունակելու քաղաքական պայքարը։
«Մենք այլևս իշխանության կուսակցություն չենք, որ այդ մարդկանց մեղադրեք իշխանական լծակին տիրանալու կամ իշխանության հետ լավ լինելու մեջ։ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը նայեք ու նման այդպիսի բազմաթիվ մարդիկ կտեսնեք։ ՀՀԿ-ում նման մարդիկ չկան։ Կուսակցությունն ապրում է դժվար օրեր, բայց ունի լավ ապագա ու ցուցակում ներգարվված են մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել իրենց սկզբունքների համար, կուսակցության արժեհամակարգի համար, պատրաստ են վերահաստատել Հանրապետականի տեղը ՀՀ քաղաքական կյանքում, նոր Ազգային ժողովում: Իշխանափոխությունը խաթարել է նաև ճիշտն ու սխալի ընկալումը: Չեն կարող թիմը լքած մարդիկ ավելի դրական ընկալում ունենալ, քան հավատարիմները», - ասաց Ա. Աշոտյանը։
Նա նշեց, թե իրենց ցուցակում ներառված մարդկանցից յուրաքանչյուրը, ինչպես մյուս ցուցակներում ներգրավված մարդիկ, կատարյալ չեն, բայց իրենց ցուցակը համարում են շատ մրցունակ, շատ պրոֆեսիոնալ։
«Որքան տոկոս կհավաքենք՝ այս պահին դժվար է կանխատեսել, բայց ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ներկայությունը հարստացնելու է օրենսդիր մարմնի ներկապնակը ու կարևորագույն ազդակ է լինելու գործող իշխանություններին հավասարակշռելու կամ հակակշռելու համար», - ասաց Արմեն Աշոտյանը։
«ՔՊ-ում ծանր են տարել, որ օրերս ասեցի մի դաժան ճշմարտություն՝ նրանք բոլորը իրենց հաջողությամբ պարտական են բացառապես Նիկոլ Փաշինյանին և մեծ-մեծ թող չխոսեն: Առաջադրվելով թիվ 4 ընտրատեղամասում՝ ես վստահ եմ, որ կան հազարավոր մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունը, որոնք կգնահատեն իմ մասնագիտական, դիվանագիտական, քաղաքական ունակությունները, փորձը, գիտելիքները: Կհասկանան, որ ԱԺ-ում պետք է ուժեղ և սկզբունքային ընդդիմություն: Իսկ ամենադիտարժանն ու կարևորն այն է, որ որքան էլ գործող իշխանություններն ասում են, որ ՀՀԿ-ն մահացած է, ՀՀԿ-ն արմատախիլ եղած է, ՀՀԿ-ն այլևս մրցակից չէ, ընտրարշավից առաջ շարունակում են թիրախավորել ՀՀԿ-ին, նրանց գործիչները չեն էլ թաքցնում, որ թիրախավորելու են ՀՀԿ-ին, սա երկու բան է նշանակում՝ առաջինը՝ գործող իշխանությունը իր վեց-յոթ ամսվա պաշտոնավարման ընթացքում չունի որևէ շոշափելի արդյունք ներկայացնելու, Հայաստանի ապագայի տեսլական չունի, զարգացման ծրագիր չունի ու փորձելու են նորից մզել, ճզմել այն քաղաքական ռեսուրսը, որով եկավ իշխանության, այն է ՝ քննադատել ու թիրախավորել բացառապես ՀՀԿ-ին։ Երկրորդը՝ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն իրական ընդդիմություն է դիտարկվում «Իմ քայլը» դաշինքի կողմից, հակառակ դեպքում, նրանք ողջ ջանքերը չէին ուղղի ՀՀԿ-ին շարունակաբար վարկաբեկելու համար ու որոշ ոչ իշխանական կուսակցություններին գովելու վրա», - ընդգծեց Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ կուսակցական քարոզարշավի կարգախոսներ քննարկվում են, կան մի քանի տարբերակներ, բայց միայն վերջնական ընտրություն կատարելու դեպքում այն կհանրայնացվի։