15/11/2018 12:53
Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ և ասում՝ մենք ուզում ենք ամուսնանք, կա արդյոք օրենսդրական որևէ ճանապարհ՝ նրանց ամուսնությունը կգրանցվի. Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու» մասին օրենքի նախագծին:
Նախագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքման շարքում լրացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը: Դրանով կբացառվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը:
«Սահմանադրության 35 հոդվածի առաջին մասով արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև: Բացի այդ, ամուսնության համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված են նաև Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական՝ 18 տարեկան տարիքի հասնելը», - հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շահարկումներից խուսափելու համար հարկ գտավ հստակեցնել հարցը:
«Հիմա, ենթադրենք, երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ և ասում են՝ մենք ուզում ենք ամուսնանք, կա արդյոք օրենսդրական որևէ ճանապարհ կամ որևէ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի», - հարցրեց Փաշինյանը:
Նախարարի տեղակալի պաշտոնակատարը վստահեցրեց՝ ոչ:
«Այս օրենքի ընդունումը կամ չընդունումը մեր իրականության մեջ որևէ բան չի փոխո՞ւմ», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Արսեն Մանուկյանն էլ ընդգծեց՝ որևէ բան չի փոխում, քանի որ այդ հարցը արդեն կարգավորված է և օրենսդրական արգելքը գործում է: