15/11/2018 10:41
Ձեր առաջարկած նախագծի ընդունումը բերելու է «բեսպրիձելի». Զոհրաբյանը՝ Ֆարմանյանին
Պետք չէ ինքնալուծարված խորհրդարանի վերջին շնչում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ ու չի լուծելու այն կարևոր խնդիրը, ինչը դրել եք ձեր առջև, խորհրդրանում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին հանել քվեարկությունից երեկ ներկայացրած նախագիծը:
«Նախագիծը, որ ներկայացված է Ձեր կողմից, ուղղակիորեն չի պատկերացնում այն քաոսը, որը առաջանալու է նախագծի ընդունումից հետո: Դա բերելու է բացարձակ «բեսպրիձելի» այն ոլորտում, որը դուք փորձում եք կարգավորել», - ասաց Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ իրենց խմբակցությունն ավելի լավ լուծումներ է ներկայացրել ոլորտի կարգավորման համար և առաջարկեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և այդտեղ քննարկել հարցը:
Զոհրաբյանը նաև նկատեց, որ իրենք չեն մասնակցելու նախագծի քվեարկությանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամֆել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանն առաջարկել են ուժը կորցրած ճանաչել «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքը»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խորհրդարանը այսօր առավոտյան չէր կարողանում սկսել աշխատանքները քվորում չունենալու պատճառով, և նիստը մեկնարկեց ուշացումով: