15/11/2018 11:53
Կառավարության նիստերն այսուհետ կլինեն դռնբաց. նախագիծը հաստատվեց
Կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծի ընդունման պարագայում կառավարության նիստերն այլևս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:
«Մենք լուծում ենք ևս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց, հիշում եք, որ օրենքով նախատեսված՝ նիստերը հիմա լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում, մենք հիմա հակառակն ենք անում, բայց, իհարկե, կլինեն փակ նիստեր անելու անհրաժեշտություն», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո որոշում կայացվեց, որ կառավարության նիստերը կլինեն դռնփակ ու միայն վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:
Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նիստերը անցկացվում են դռնբաց. փակ են միայն օրակարգում ներառված գաղտնի հարցերի քննարկումները: