15/11/2018 13:00
ՊԵԿ հրապարակման պատճառով «Գազպրոմին» ռուսական բանկից տրամադրվելիք 150 մլն դոլարի վարկի պայմանագիրը կասկածի տակ է դրվել
ՊԵԿ հրապարակումներն անհիմն են, քանի որ նրանք ամռան գործունեությունը համեմատել են ձմռան գործունեության հետ, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայում» չարաշահումների հայտնաբերման մասին ՊԵԿ տարածած հաղորդագրությանն, ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։
«Ձմռան ամիսներին կորուստներն անհամեմատ բարձր են, քան ամռան ամիսներին և դա այսպես է ոչ միայն 2018 թվականի համար», - ասաց Թադևոսյանը՝ ընդգծելով, որ ձմռանը լրացուցիչ կորուստներ են առաջանում և կախված նրանից ցրտաշունչ է ձմեռը, թե ոչ, կորուստների չափերը տարբեր են, ինչը նորմալ է։
««Գազպրոմ Արմենիան» ՀՀ գազաէներգետիկ համակարգի խոշոր ներդրողներից է, եթե ոչ՝ ամենախոշորը։ 2002-2018 թթ. ՓԲԸ-ն 950 մլն դրամի համարժեք կապիտալ ներդրումներ է իրականացրել», - ասաց Թադևոսյանը՝ ընդգծելով, որ ՓԲԸ-ն ոչ միայն չի ստացել ոչ մի լումա դիվիդենտ, այլ նաև 2017 թ-ի իր իսկ նախաձեռնությամբ նվազեցրել է ՀՀ գազասպառողներին մատակարվող բնական գազի սակագինը։
Նրա խոսքով՝ 2017 թ-ի հունվարի 1-ից առ այսօր «Գազպրոմ Արմենիան» տարեկան կտվածքով 13.4 մլրդ դրամի վնաս է կրել։
Թադևոսյանն ասաց, որ եթե ՊԵԿ-ը կարողանա հիմնավորել իր հրապարակումները գազի կորուստի մասին, ապա իրենք պատրաստ են վերականգնել շեղումները:
«Եթե ՊԵԿ աշխատակցիները ուսումնասիրման արդյունքում հիմնավորվեն, որ 714 հազար բաժանորդները և շուրջ 375 ավոտգազալիցքավորման ճնշումային լիցաքվորման ժամանակ անցյալ տարի ինչ-որ մեկը բնական գազի ծավալների սպառում է թաքցրել, որի դեմ մենք պայքարել ենք, ապա «Գազպրոմ Արմենիան» շնորհակալություն կհայտնի ՊԵԿ-ին և օրենքի շրջանակներում կգանձի ամբողջ գազի գումարը և կկատարի հարկային վճարումներ իրացված գազի ծավալների մասով», - ասաց Թադևոսյանը։
Նրա որակմամբ՝ ՊԵԿ-ի անհիմն հրապարակումը վտանգի տակ է տրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը։
«2016 թվականին Գազպրոմի 254 մլն դոլարի վարկերը 2018 թվականի ավարտին հասցվել է 128 մլնի, իսկ այս օրերին պետք է պայմանագիր կնքեինք խոշոր ռուսական բանկի հետ՝ 6,5 տոկոսով մոտ 150 մլն դոլարի վարկ վերցնելու պայմանով։ Ակնկալում էինք տնտեսել տարեկան 2-4 մլն դոլար, սակայն ՊԵԿ հայտարարությունից հետո, որը նաև տարածվել է ռուսական մամուլում, մենք ստացանք լուրջ անհանգստություն, ահազանգ այդ բանկից, որի հետ ավարտում էինք բանակցությունները: Գործարքի իրականացումը դրվում է լուրջ կասկածի տակ», - ընդգծեց Թադևոսյանը։
Հիշեցնենք ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որ հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները: