16/11/2018 18:00
«Շիկահեր տղան». Ռեժիսոր Հայկ Բաբայանի նոր ֆիլմը նվիրված է ընկերոջը՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին
Ռեժիսոր, սցենարիստ Հայկ Բաբայանը շուտով նոր ֆիլմ կներկայացնի հանրությանը՝ նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին: Մանկության ընկերոջ մասին ֆիլմ նկարելու մտահղացումը ծնվել է երազից հետո, որն, ըստ սցենարիստի, այնքան իրական էր, որ իր համար գոնե որոշ փակագծեր բացեց:
«Սովորաբար, Կյաժին (Ռոբերտ Աբաջյան, հեղ.) ես հաճախ եմ տեսնում իմ երազներում: Ապրիլյան պատերազմից ամիսներ հետո էլ տեսա, ու այն, ինչ ինձ ասեց երազում, շատ տպավորեց… Որոշեցի դա դարձնել ֆիլմ, որի պրեմիերան տեղի կունենա կա՛մ նոյեմբերի վերջին, կա՛մ՝ դեկտեմբերի սկզբին», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Բաբայանը:
Կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Շիկահեր տղան»: Այն ներառում է մի քանի ժամանակաշրջան՝ խորհրդային, 90-ականներ ու մեր օրեր… Ֆիլմը հարուստ է նաև փաստագրական կադրերով: Ֆիլմում իր ուրույն դերակատարումն ունի նաև Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը:
«Եթե ես Ռոբերտ Աբաջյանին չճանաչեի, ապա այս ֆիլմը, հնարավոր է, 1 ժամ 30 րոպե տևողությամբ լիներ, բայց քանի որ իրեն շատ լավ գիտեի, կարողացա ասելիքը մի քանի րոպեի մեջ սահմանափակել, ու դա լավ է: Ասեմ, որ Կոմանդոսը միայն մի քանի վայրկյան է կադրում երևում, բայց ամբողջացնում է ֆիլմն ու ասելիքը», - մանրամասնեց նա:
Ռեժիսորը վստահ է՝ այս ֆիլմում մի քանի դետալ կա, որ աղմկահարույց է լինելու, քանի որ որոշ գաղտնիք է բացելու: Հարցին, թե քաղաքականության ի՞նչ չափաբաժին կարելի է գտնել նրանում, պատասխանեց.
«Ասել, թե Ապրիլյան քառօրյա պատերազմը էմոցիաների հետևանք էր, սուտ կլինի, այն լիովին քաղաքականություն էր: Այնպես որ, ֆիլմն էլ որոշակիորեն քաղաքականացված է»:
Մոնումենտի նույն բակում մեծացած Հայկն ու Ռոբերտը մտերմացել են դեռ դպրոցական տարիներին: Ռեժիսորը հիշում է՝ Աբաջյանի խիզախության և անձնազոհության դրսևորմանը մեկ անգամ չէ, որ ականատես է եղել: Հերոս հայորդին կյանքը սիրող ու քչով բավարարվող երիտասարդ էր՝ լավ մեքենա, մի շիշ կոլա, ձեռքի ժամացույց... ու կյանքը հիասքանչ է…
Ի դեպ, այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Արցախի հերոսը կդառնար 22 տարեկան:
«Որքան էլ շատերը զարմանում են նրա արարքի վրա, ինձ համար սպասելի էր: Նա ինձանից մի քանի տարի փոքր էր, բայց երբ ինչ-որ բան էր լինում, առաջինն ինքն էր ինձ ոգևորում, թիկունք կանգնում: Երբ ծանր պայուսակներով մարդ էր տեսնում, մոտենում էր, օգնում, մինչև տուն ուղեկցում… Թաղամասում մենք զգում ենք իր բացակայությունը. շիկահեր տղա, որը սիրում էր արևային ակնոց կրել, ժամացույցը կապել ու ձեռքին պարտադիր Կոկա-կոլա ունենալ՝ այդ կերպարը չկա, բացակայում է ֆիզիկապես: Հա, մեկ էլ բանան էր շատ սիրում», - հուզմունքով վերհիշեց ընկերը:
Հայկ Բաբայանը զրույցի ընթացքում հազվադեպ էր Ռոբերտ անունը օգտագործում: Ժպիտով նկատում է՝ իրենք նրան միշտ Կյաժ են դիմել ու հիմա անսովոր է անունն ասելը: