16/11/2018 11:29
Համաներումը չպետք է նպատակ հետապնդի մեխանիկորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները. Արման Թաթոյան
Իրականում համաներումը չպետք է նպատակ հետապնդի մեխանիկորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Համաներման մասին այս պատկերացումը, ես կարծում եմ, որոշ դեպքերում նրա պատճառով է, որ մենք տարիների ընթացքում ճիշտ սկզբունքներով չենք առաջնորդվել ազատությունից զրկման հարցերում», - ասաց նա։
Արման Թաթոյանն ընդգծեց, թե ազատությունից զրկված մարդու նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկած։
«Նրա հետ պետք է տարվի անհատական աշխատանք, պետք է մարդուն նախապատրաստել աստիճանական ազատ արձակման, իսկ մենք ի՞նչ ենք արել, տարիների ընթացքում պահել ենք անձին մեկուսացած ու սոցիալ-հոգեբանական ոչ մի աշխատանք չենք կատարել անձի հետ ու վերջում ասել ենք՝ գիտես ինչ կա, դու պատրաստ չես ազատ արձակման», - ասաց ՄԻՊ-ը։
Նա նշեց, որ չի կարող պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չկատարելու պատճառով մարդուն ասել՝ դուք պատրաստ չեք ազատ արձակման։
Արման Թաթոյանը շեշտեց՝ պետք է սկզբունքային փոփոխություններ կատարել։
«Բեռնաթափելը կամ գերբնակեցման հարցը լուծելը, իհարկե, շատ կարևոր է, բայց տպավորություն չպետք է ստեղծվի, որ սա միակ խնդիրն է. մեր քրեակատարողական հիմնարկները շատ ունեն խնդիրներ», - ասաց նա՝ ավելացնելով, Հայաստանում կա կարծրատիպային մատծողություն։
«Չի կարելի մարդու մասին դատել բացառապես կատարված հանցանքի բնույթով, արդարությունը չի ավարտվում բանտի դարպասների ետևում», - ասաց նա։