16/11/2018 18:11
Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելում են Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը, տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով:
Պատվիրակությունը հանդիպել է արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոնակատարների, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի, տնտեսական զարգացման և տրանսպորտի նախարարությունների այլ պաշտոնյաների, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահի, Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամ հանդիսացող մասնավոր բանկերի ներկայացուցիչների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ:
Նշվում է, որ պատվիրակությունն ընդգծել է Իրանի ռեժիմի բացասական վարքագիծը առավելագույն տնտեսական և դիվանագիտական ճնշումներով փոխելուն ուղղված ԱՄՆ ջանքերը՝ միաժամանակ նախանշելով համագործակցության ոլորտներ գործընկեր պետությունների հետ, ինչպիսին է՝ Հայաստանը: