17/11/2018 16:08
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, միջազգային դատախազի տեղ է դրել․ Բելառուսի ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել, այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
Անատոլի Գլազը շեշտել է՝ հնարավոր է, դա ընդունելի է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան։
«Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված, փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսով ենք, որ դա ժամանակի ընթացքում կանցնի»,– ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։