19/11/2018 13:26
Լինելով խորհրդարանում՝ մենք օգնելու ենք, որ իշխանությունները հնարավորինս զերծ մնան ճնշումներից. Արտակ Զաքարյան
Շատ և շատ հարցերում չի բացառվում, որ իշխանությունների վրա ճնշումներ կլինեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը։
«Մենք համարում ենք, որ, լինելով խորհրդարանում, մենք օգնելու ենք, որպեսզի իշխանությունները հնարավորինս զերծ մնան ճնշումներից, որ Արցախի հարցի շուրջ մենք կարողանանք ապահովել համընդհանուր կոնսոլիդացիա», - ասաց նա։
Արտակ Զաքարյանի խոսքով՝ անվտանգության առումով ՀՀԿ-ն շատ մեծ ասելիք ու անելիք ունի։
«Այս առումով կարևոր է խորհրդարանում լինել ու հենց խորհրդարանական հարթակներից հրապարակային ու ոչ հրապարակային քննարկումներում մեր հաջորդ իշխանությունների հետ կարողանանք ճիշտ ու արդյունավետ լուծումներ գտնել՝ հավասարակշռելով տարածաշրջանային ուժերի կառուցվածքը», - ընդգծեց Ա. Զաքարյանը։
Պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց, թե, գուցե, շատ հարցերում ՀՀԿ-ին չի հաջողվել ապահովել հասարակության պահանջները և կարիքները։
«Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ կա որոշակի դժգոհություն անցած տարիներին իրականացրած սոցիալական քաղաքականության նկատմամբ, կա նաև որոշակի դժգոհություն արդարադատության նկատմամբ», - ասաց նա։