19/11/2018 11:44
Ընտրությունները կանցկացվեն առանց ընտրակեղծիքների, բայց ամենևին չի նշանակում, թե կլինեն ժողովրդավարական. Ռուստամյան
Ակնհայտ է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան պաթոսի մթնոլորտում, ինչը իշխող քաղաքական ուժի օգտին է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա ընդգծեց, որ այդ պաթոսի ֆոնին չեն լինի ընտրակեղծիքներ, իշխանությունը չի փորձի այլ ճանապարհներով ձայներ հավաքել, որովհետև դրա կարիքը չկա` միևնույն ժամանակ նկատելով, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե ընտրությունները կլինեն ժողովրդավարական:
«Մեզ համար այդ ընտրությունները հիմք չեն՝ գնահատելու, թե արդյոք Հայաստանում հաստատվեց ժողովրդավարական ընտրությունների ավանդույթ, թե ոչ: Տեսել ենք, որ մեկ անգամ Հայաստանում`1990-1991 թթ. եղել են ժողովրդավարական ընտրություններ, բայց դա չի բերել ժողովրդավրության: Հաջորդ ընտրությունները նոր արդեն ցույց կտան այն պայմաններում, երբ իշխող ուժը վտանգ ունի իշխանությունը կորցնելու, ընտրությունները ժողովրդավարական են անցկացվելու, թե ոչ», - հավելեց Ռուստամյանը:
Խոսելով այս տարիների ընթացքում Դաշնակցության քաղած դասերի մասին` Ռուստամյանը հիշեցրեց, որ մի առիթով ասել է, հիմա էլ պնդում է` իրենց ամենամեծ սխալը կոալիցիայի մեջ լինելն էր, որտեղ առանց իրենց հնարավոր էր լինում որոշումներ կայացնել:
Ինչ վերաբերում է գալիք խորհրդարանի կազմին` Ռուստամյանն ասաց, որ ամեն ինչ անորոշ է, քանի որ անցումային շրջան է ու նոր ԱԺ-ում մի շարք նոր դեմքեր կլինեն և հայտնի չէ, թե ինչ տեմպերով նրանք Հայաստանն առաջ կտանեն: