19/11/2018 12:01
ԲՀԿ-ն առավելագույնս փորձելու է ներկայացվածություն ունենալ խորհրդարանում. Էնֆիաջյան
ԲՀԿ-ն գնում է ընտրությունների ԱԺ-ում առավելագույնս ներկայացվածություն ունենալու համար, լրագրողներին հետ ճեպազրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Այս փուլում տարբեր քաղաքական ուժեր արդեն իսկ առիթ են ունեցել հրապարկելու, որ տեղի համար հավակնություններ ունեն: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ԲՀԿ-ն առավելագույնս փորձելու է ներկայացվածություն ունենալ խորհրդարանում», - ասաց Էնֆիաջյանը:
Նա նկատեց, որ իրենք ունեն քաղաքական ծրագրեր ու լավ կադրեր, որոնք իրենց նպաստը կարող են բերել երկրին:
«Եթե ասում ենք ժողովուրդն է որոշողը, ինչո՞ւ չեք թողնում՝ նա որոշի, ու ձևակերպմամբ եք հանդես գալիս, թե որ տեղն եք ուզում», - ասաց Էնֆիաջյանը:
Դիտարկմանը, թե արդեն իսկ պարզ է, որ «Իմ քայլը» ունենալու է մեծամասնություն խորհրդարանում, Էնֆիաջյանն ասաց. ««Պարզ են» մենք կիմանանք ամսի 10-ին ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո»:
Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն չի վախենում Փաշինյանին ընդդիմություն լինելուց, Էնֆիաջյանն արձագանքեց. «Մեր քաղաքական ուժը որևիցե դաշտում քաղաքական գործունեություն ծավալելուց վախի զգացողություն չի ունեցել»: