19/11/2018 11:51
Հույս ունեմ՝ ընտրական ասողների ինտստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի. Նիկոլ Փաշինյանը՝ Մարտունիում (Տեսանյութ)
Այսօր Մարտունիում բնակչության հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական հեղափոխությունն ավարտել են և մնում է իրականացնել տնտեսական հեղափոխությունը։
«Առաջիկայում ընտրություններ են, և մենք գալու ենք ու ձեզանից խնդրելու ենք մանդատ։ Մենք քաղաքական հեղափոխությունն արել ենք, հիմա մեզ պետք է ձեր վստահության քվեն՝ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Բայց որոշողը դուք եք, իշխանությունը ձերն է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը, նկատենք, աշխատանքային այց է կատարել Մարտունի, որտեղ նշում են քաղաքի հիմնադրման 190 ամյակը։
Նա մարտունեցիներին ասաց, որ հեղափոխության առաջին փուլն ամբողջությամբ իրականացված է, քանի որ իշխանությունն այժմ Հայաստանում պատկանում է ժողովրդին։
«Ձեզ երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող վարչական լծակով, որևէ ընտրակաշառքով, որևէ սպառնալիքով, որևէ թարս հայացքով ձեզ հարկադրել ընտրել որևէ մեկին։ Հայաստանում տեղի են ունենալու ազատ ընտրություններ։ Հույս ունեմ այդ ընտրական ասողների ինտստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի։ ՀՀ քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, թե նա ում ընտրի, որովհետև Հայաստանում ասողը ՀՀ քաղաքացին է։ Դուք եք ասողը և չկորցնեք այդ կարգավիճակը որևէ դեպքում», - հայտարարեց Փաշինյանը՝ հորդորելով բնակչությանը հետևել քարոզարշավին և ինքնուրույն որոշել՝ ում ընտրել։