19/11/2018 12:20
Կանխատեսելի էր, որ մենք կորցնելու ենք այդ տեղը. Վահրամ Բաղդասարյանը` ՀԱՊԿ քարտուղարության մասին
Նման հռետորաբանությունն ընդունելի չէ, առավել ևս դաշնակից և բարեկամ երկրների միջև, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՀԱՊԿ անդամ երկների առաջնորդների հարաբերություններին:
«ՀԱՊԿ-ը մի մեծ ընտանիք է: Ամբողջ աշխարհն է հետևում դրան ու ինձ թվում է՝ դա ընդունելի հռետորաբանություն չի», - ասաց նա:
Խոսելով ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի քարտողարության դերը կորցնելու մասին`Բաղդասարյանն ասաց, որ իրենք ի սկզբանե զգուշացրել են իշխանություններին, որ եթե Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում պետք է լիներ և նա կալանավորվեր, ապա այդ մասին նախապես ՀԱՊԿ անդամ երկրներին պետք է տեղյակ պահվեր:
«Դա չի կատարվել, հարաբերությունների լարումն ու սրումն այդտեղից առաջացավ ու կանխատեսելի էր, որ մենք կորցնելու ենք այդ տեղը», - ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Բելառուսի և Ղազախստանի նախագահներից պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահի և այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հանդիպման մասով:
Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանն արձագանքել էր Բելառուսի ԱԳՆ խոսնակը՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել: