19/11/2018 15:20
Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյանը՝ «խոպանչիներին հարկելու» մասին
Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու, Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին հարկելու» մասին նախագծին։
«Բացառվում է այդպիսի բան ։ Պետք է հաշվի առնել՝ զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում, քննարկումներ հաճախ կարող են մանիպուլատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա, բայց կարող են և մեկնաբանվել այնպես, ինչպես կա ու արժանանալ կամ չարժանանալ մարդկանց հավանությանը»,- ասաց նա։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են նման նախաձեռնությունները կյանքի կոչվել։
Նա ասաց, թե «խոպանչիներին հարկելու» նախաձեռնության դեպքը աղավաղվել է ու սխալ մեկնաբանվել։
«Գաղափարը հետևյալն է՝ կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ասաց նա։
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, թե պետք է հասկանալ՝ ինչքանով է Հայաստանը պատրաստ սրան։
«Նույնիսկ եթե կյանքի կոչվի ՝ պիտի բացառվի որևէ եկամուտի կրկնակի հարկումը, այսինքն՝ չի կարող պատահի, որ որևէ մեկը իր եկամուտից, օրինակ, ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից արդեն հարկ է վճարում ու փոխանցվում է Հայաստան, մի հատ էլ այդ գումարից հարկ է վճարվում Հայաստանում»,- ընդգծեց նա։
Արարատ Միրզոյանը նշեց, որ սա գաղափար է, որը պետք է քննարկվի։
«Կտեսնենք՝ ինչքան դրական կողմեր ունի, ինչքան՝ բացասական»,- ասաց նա։