19/11/2018 09:20
Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. Վիգեն Սարգսյան
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակվության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում նոր գրառմամբ է հանդես եկել.
«Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում:
Համոզված եմ, որ մեր մարտահրավերները, պաշարների սակավությունը, ժողովրդագրական և աշխարահգրական յուրահատկությունները հաշվի առնելով, ունենք մեկ ճանապարհ` պետք է դառնանք իրական Ազգ-բանակ, ուր յուրաքանչյուր անձ գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում և ունի այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հմտություններ ու փորձ:
Ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա Հայաստանի գիտահեն տնտեսության գլխավոր առանցքներից մեկը: Բանակում ժամկետային ծառայությունը պետք է օգնի քաղաքացու կայացմանն ու քաղաքացիական կյանքում նրա ինտեգրմանը: Զինհաշմանդամները և հերոսների ընտանիքները պետք է զգան մեր ողջ հասարակության աջակցությունն ու հոգատարությունը»։