20/11/2018 14:32
500 միլիոն դրամի նպաստ գողացել են ոչ միայն պետությունից, այլ նաև անապահով ընտանիքներից. Փաշինյան
Մենք մտադիր չենք նպաստները կրճատել, ոչ էլ մտադիր ենք հանել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասում ենք՝ ում ենք տալիս այդ նպաստը և ինչի համար։ Մենք մարդուն ասում ենք, լավ, դու աղքատ ես, մենք քեզ նպաստ ենք տալիս ու աղքատության գիծ ենք սահմանում, ասում ենք՝ հենց որ անցար այդ գիծը, զրկելու ենք քեզ նպաստից, կներեք, հենց որ կովդ ծնեց՝ զրկելու ենք քեզ նպաստից։ Մենք ասում ենք՝ եթե անապահով է այդ ընտանիքը, մեծ հավանականությամբ այնտեղ կա երեխա, եկեք նպաստը տանք երեխային», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանն ասաց, թե նպաստը պետք է տալ ոչ թե որպես մարդուն դատավճիռ, թե՝ շարունակիր մնալ աղքատ, այլ՝ որպեսզի օգնեն, որ նա հաղթահարի իր աղքատությունը։
Փաշինյանն ասաց նաև, որ այս պահին նաև քննություն է ընթանում և ըստ նախնական տեղեկությունների, մարդիկ, ովքեր չարաշահումներ են արել, բացել են ընտրական ցուցակները, վերցրել են քաղաքացիների անուն-ազգանունները և նպաստառուի գործ են սարքել։
«Այսպիսով, 500 միլիոն դրամի նպաստ գողացել են ոչ միայն պետությունից, այլ նաև անապահով ընտանիքներից», - նշեց վարչապետի պաշտոնակատարը։