20/11/2018 17:31
Զենքն Ադրբեջանին վաճառում եք, որ մեր մայրաքաղաքը գրավե՞ն, դուք քաջալերում եք մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը. Փաշինյանը՝ Լուկաշենկոյին
Եղե՞լ է մի դեպք, երբ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին ու ասի՝ գիտեք ինչ, մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, եկել են մեզնից զենք են ուզում, այսօր լրագրողնների հետ հանդիպմանը նման հարցադրում արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Եղե՞լ է նման իրավիճակ, չի եղել այսպիսի իրավիճակ, իսկ ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է, որ մենք ռազմա-քաղաքական դաշնակիցներ ենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտեց՝ առնվազն տարօրինակ է, որ ՀԱՊԿ-ում փակ խոսակցությունը կանչեն պատմեն դաշինքի անդամ երկրի հակառակորդ երկրին (նկատի ունի Բելառուսի նախագահի զրույցը Ադրբեջանի դեսպանի հետ)։
«Հետևաբար, այդ զենքը դուք նրանց վաճառում եք, որ իրենք մեր մայրաքաղաքը գրավե՞ն, այսինքն՝ դուք քաջալերում եք մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ «նախկինում մեծ-մեծ բրդողները թող ասեն այս իրավիճակում ինչ են արել»։
«Ոչ մի բան էլ չեն արել, բերանները ջուր առած նստել են ու գիտե՞ք՝ ինչու են բերանները ջուր առած նստել, որովհետև նրանք ոչ թե առաջնորդվել են Հայաստանի շահերով, այլ մտածել են՝ մի րոպե, այստեղ էսքան բիզնես ունենք, այստեղ էսքան բիզնես ունենք, այստեղ էսքան բիզնես ունենք», - ասաց նա։
Նա ընդգծեց՝ նոր իրավիճակը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է մի մարդ, որը ոչ մի տեղ ոչ մի բիզնես չունի։
«Ու հետաքրքրված չէ, թե Հայաստանի շահերից բխող որևէ արտահայտություն ինչ ազդեցություն կունենա Մոսկվայում, Մինսկում կամ Բիշկեքում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե կանոնադրության փոփոխության հարց չեն առաջադրում, քանի որ տեղեկություն չունեն, որ կանոնադրությունն է խնդիրը։