20/11/2018 09:33
«Ժողովուրդ». Չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չլուծվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև որքան մոտենում է դեկտեմբերի 6-ը, երբ կրկին պետք է հանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այնքան ստեղծված ճգնաժամն ավելի է խորանում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին հարցը կրկին չկարգավորվի, այլ փորձեն ՀԱՊԿ-ում ժամանակ ձգել, մինչև 2020 թվականը՝ Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը: Ամեն դեպքում, այս հարցում վճռորոշ է լինելու ՌԴ-ի ձայնը:
Մինչ այդ, հիշեցնենք, որ իրավիճակն ավելի սրվեց այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իրենց երկրում Ադրբեջանի դեսպանին ներկայացրել էր ՀԱՊԿ նիստի մանրամասները: Սա հարուցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, և նա հայտարարել էր, թե բացատրություններ է պահանջելու Լուկաշենկոյից: Երեկ Լուկաշենկոն Բաքու այցի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում