20/11/2018 15:29
Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում:
Համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, երկրաշարժ, որ 1988 թ. տեղի էր ունեցել հենց դեկտեմբերի 7-ին:
«Արտերկրում բազմաթիվ եկեղեցիներում եմ մեներգել ու միշտ երազել եմ մենահամերգով հանդես գալ նաև այն եկեղեցում, որտեղի բույրը մանուկ հասակից առ այսօր հիշում եմ ու կարոտում: Դեկտեմբերի 7-ի համերգին երգեհոնով ինձ կնվագակցի Հարություն Թագվորյանը»,-նշում է Ադամ Բարրոն:
Նշվում է, որ ծրագրում ներկայացված են հայ և եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի ստեղծագործություններ, որոնք Հայաստանում կներկայացվեն առաջին անգամ: Միջոցառումը կրում է «30 տարի անց» խորագիրը: Ադամ Բարրոն առանձնահատուկ շեշտում է՝ շատ կարևոր է, որ համերգին ներկա լինի նաև երիտասարդ սերունդը, քանի որ որպես մեր երկրի մշակույթի դեսպան ցանկանում է նաև իր փորձը կատարումների տեսքով փոխանցել երիտասարդ երգիչներին:
Տեղեկացնենք, որ մինչ Գյումրիի համերգն Ադամ Բարրոն Մոսկվայում հանդես կգա «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությանը՝ կատարելով Շառլ Ազնավուրի և Մարինե Ալեսի ստեղծագործությունները: Այնուհետև վերադառնալու է Փարիզ, ապա՝ հայրենիք: Առաջիկայում Բարրոն ելույթ կունենա նաև կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկու 180-ամյակին նվիրված համերգին, ինչպես նաև երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին նվիրված երեկոյին:
Շուտով լույս կտեսնի Ադամ Բարրոյի՝ «Ավե Մարիա» ձայներիզը, որը ներառում է նաև մեկ հայկական «Ավե Մարիա»:
Հավելենք նաև, որ վերջերս Ադամ Բարրոյի միջազգային մրցանակների շարքին է ավելացել ևս մեկը՝ Լոնդոնի «Ալբիոնի աստղերը» հեղինակավոր մրցույթից: