20/11/2018 14:53
Ծնվել է դերասան Էմիլ Գալստյանի առաջնեկը՝ Մարկը
Այսօր ժամը 12:30-ին Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել դերասան Էմիլ Գալստյանի և Խամաճիկների թատրոնի դերասանուհի Նելլի Խաչատրյանի առաջնեկը՝ Մարկը: Ուրախալի լուրը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց նորաթուխ հայրիկը՝ նշելով, որ արդեն հասցրել է տեսնել կնոջն ու երախային, ու այն, ինչ զգում է ներկա պահին, անբացատրելի է:
Փոքրիկի անվան հարցում ամուսիններն ընտրությունը թողել են Էմիլի մայրիկին՝ դերասանուհի Լիլիթ Միհրանյանին:
«Նախ ասեմ, որ մեզ համար կապ չուներ, թե մեր առաջնեկն ինչ սեռի բալիկ կլիներ, կարևորն՝ առողջ լինի: Երբ իմացանք տղա է, մայրս ընտրեց անունը՝ Մարկ: Ուղղակի աստվածաշնչյան ու գեղեցիկ անուն է: Մենք էլ այն շատ հավանեցինք, ու կարծում ենք, որ մեր տղային սազում է», - ժպիտով նշեց մեր զրուցակիցը:
Դերասան-ամուսինները բնակվում են Էմիլի մայրիկի հետ, նորածնի խնամքի հարցում էլ նորաթուխ մայրիկին կօգնի Լիլիթ Միհրանյանը:
Aysor.am-ը շնորհավորում է Էմիլ Գալստյանին և Նելլի Խաչատրյանին, փոքրիկ Մարկին էլ ցանկանում ենք անհոգ ու երջանիկ մանկություն: