21/11/2018 17:50
Դա շատ վիրավորական էր. Մշակույթի նախարարությունը մերժել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը Օպերայի շենքում անցկացնելու խնդրանքը. մեկնաբանում է ընկերը
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին՝ Արմավիրի մարզի Ապագա գյուղում գտնվող երաժշտական դպրոցում, վերջին հրաժեշտը՝ վաղը՝ ժամը 14:00-ին՝ նույն վայրից, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Վահագն Մարգարյանի ընկեր դիզայներ Գեղամ Շերոյանը:
Շատերն էին ակնկալում, որ երիտասարդ արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա իր մայր թատրոնում: Սակայն պարզվում է՝ Մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինության առաջարկը:
«Թատրոնի տնօրինությունն էլ մեծ ցանկություն ուներ, որ հոգեհանգիստն այնտեղ անցկացվի, բայց նախարարությունը չի թույլատրել՝ պատճառաբանելով, որ Վահագն Մարգարյանը ժողովրդական արտիստ չի: Իրենց ասելով՝ հարկավոր էր նիստ անել, իսկ նիստը կտևեր մի քանի օր, մենք էլ պետք է այդքան սպասեինք: Գիտեք, եթե արդարությունից ու օրենքից են խոսում, ապա ես կարող եմ բազմաթիվ արվեստագետների օրինակներ բերել, որոնք կոչումներ չունեին, բայց վերջին հրաժեշտն Օպերայի թատրոնում կազմակերպվեց: Ավելին, նրանցից ոմանք այսօր Պանթեոնում են տեղ գտել: Մենք Պանթեոնի ակնկալիք չունեինք, մեզ միայն այդ մեկ ժամն էր պետք, որ մարդիկ կարողանան նրան հրաժեշտ տալ», - վրդովված նշեց մեր զրուցակիցը:
Այնուամենայնիվ, Մշակույթի նախարարությունն ընտանիքի անդամներին առաջարկել է երկու եկեղեցի, որտեղ կարող են անցկացնել երիտասարդ արտիստի հրաժեշտի արարողությունները: Այդ ծախսը գերատեսչությունը վերցրել է իր վրա: Սակայն Վահագնի հարազատները հրաժարվել են առաջարկից:
«Դա շատ վիրավորական էր, մենք այդ գումարի խնդիրը չունեինք, ինքերս էլ կարող էինք եկեղեցու գումարը վճարել, թեև դա ո՛չ կնունք էր, ո՛չ՝ հարսանիք, ու գումար գանձելը նույնիսկ անհիմն է: Բայց այստեղ խնդիրը բոլորովին էլ գումարը չէր, այլ այն, որ Օպերայի թատրոնն իր համար տուն էր, որտեղ իր կյանքն է դրել, քիչ բան չէր արել, ու ուզում էինք թույլտվություն տային՝ գոնե մեկ ժամ այնտեղ դրվեր մարմինը: Շատերը կան, որ ցանկություն ունեն, բայց հնարավորություն չունեն հասնել գյուղ, հրաժեշտ տալ նրան: Չհաշված, որ տունն էլ բավական փոքր է այդքան մարդ ընդունելու համար… Ընկերներով ու իր հարազատներով որոշեցինք՝ մեր մեր «տանը»՝ մեր գյուղի երաժշտական դպրոցից գոնե նրան հրաժեշտ տանք: Այո՛, «գյուղի կլուբ» կոչված տեղից ենք Օպերայի թատրոնի բալետի արտիստին տանելու, ինչը շատ վիրավորական է», - ընդգծեց Գ. Շերոյանը:
Ընկերը ցավով, բայց հպարտությամբ շեշտում է՝ Վահագնի դեպքում երկու երնեկ մեկտեղված էր՝ ազնիվ ու բարի մարդ, ով աստվածաշնորհ տաղանդ ուներ: Մայրը, ով նույն գյուղում հայոց լեզվի և գրականության ուսուչուհի է եղել, մահացել է 2006 թվականին: Այժմ նրա կողքին են, ու սգում են հայրը, եղբայրը, վերջինիս կինն ու 2-ամյա դուստրը, մորեղբոր ու հորեղբոր որդիները…
Նշենք, որ այսօր առավոտից, ի հիշատակ Վահագն Մարգարյանի, մոմավառություն է տեղի ունեցել Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի գլխավոր մուտքի մոտ։ Քաղաքացիները ծաղիկներ էին խոնարհում թատրոնի շենքի աստիճաններին:
Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանն ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում: Հանրապետական հիվանդանոցում, այնուհետև՝ «Հերացի» թիվ 1 բժշակական կենտրոնում երիտասարդ արտիստը շուրջ 15 օր գտնվել է անգիտակից վիճակում: Վահագն Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20–ին՝ հիվանդանոցում: