21/11/2018 11:33
Էներգետիկ շուկայում նոր մոդելի կիրառման արդյունքում հնարավոր է ներմուծել ավելի էժան էլեկտրաէներգիա. Գարեգին Բաղրամյան
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է որոշակիորեն բարելավվել գործող էներգետիկ շուկայի մոդելը և մեկ գնորդ-վաճառող մոդելից անցում է կատարավելու ավելի ազատական մոդելի, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
«Մինչև 2020-21 թվականը պետք է անցնենք նոր մոդելի։ Շուկայի նոր մոդելը նախատեսելու է արտադրող-մատակարար-սպառող շղթայում փոխադարձ պատասխանատվության մեխանիզմների սահմանում», - ասաց Գ. Բաղրամյանը։
Այսօրվա մոդելում, նրա խոսքով, առաջարկի կամ պահանջարկի ցանկացած շեղման հետևանքով կուտակում է լինում բաշխիչ ցանցերում, իսկ նոր մոդելով ցանկացած օղակ պատասխանատու է լինելու իր առաջացրած խնդիրների համար։
«Նոր շուկայի մոդելի արդյունքում, նախատեսում ենք, որ կունենանք նաև միջսահմանային առևտրի ավելացում, որը հնարավորություն կստեղծի ներմուծել ավելի էժան էլեկտրաէներգիա և ունենալ կամ սակագների որոշակի նվազեցում, կամ եղած սակագնի զսպում», - ասաց նախարարի պաշտոնակատարը։