21/11/2018 19:33
Բալետի արտիստ Վահագն Մարգարյանի մահվան պատճառ դարձած վթարի առթիվ քրգործ է հարուցվել
Նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքով քրեական գործ է հարուցվել:
Վթարի հետևանքով մահացել է բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը։
«Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)», - Aysor.am-ին փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանն ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում: Հանրապետական հիվանդանոցում, այնուհետև՝ «Հերացի» թիվ 1 բժշակական կենտրոնում երիտասարդ արտիստը շուրջ 15 օր գտնվել է անգիտակից վիճակում: Վահագն Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20–ին՝ հիվանդանոցում:
Վաղը՝ ժամը 14:00-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում գտնվող երաժշտական դպրոցում տեղի կունենա արտիստի հրաժեշտի արարողությունը, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Վահագն Մարգարյանի ընկեր դիզայներ Գեղամ Շերոյանը: