21/11/2018 14:30
«Տարվա հայտնություն» զույգը կմասնակցի Լոս Անջելեսում կայանալիք երեկոյին (Տեսանյութ)
Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, որպես երաժշտական զույգ, հայտնի դարձան մոտ 2 տարի առաջ, երբ տղաներն, արցախյան քառօրյա պատերազմն իրենց մտքում, որոշեցին միասին երգ ձայնագրել և այն նվիրել արցախյան հողերը պաշտպանող զինվորներին: Տղաների ձայնային տվյալներն ու արտիստիզմն իրենցն արեցին. նրանք այսօր համարվում են հայկական շոու-բիզնեսի ամենապահանջված զույգերից մեկը:
Իրար հաջորդող երգերը սիրվեցին ու հաջողեցին այնպես, որ նույնիսկ դժվար է պատկերացնել որևէ խնջույք, որտեղ չհնչի Հակոբ-Արմեն համագործակցությունից որևէ կատարում: Հատկապես «Ախպերս ու ես» երգն անպակաս է հայկական խնջույքներից:
Բացի հանդիսատեսի գնահատականից, զույգը տարեսկզբին արժանացավ նաև պետական մակարդակով գնահատանքի. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում Հակոբն ու Արմենն արժանացան «Տարվա հայտնություն» տիտղոսին:
Տղաների մատուցած երաժշտությունը հետաքրքրում է ոչ միայն Հայաստանում ապրող հայերին, այլև՝ ՀՀ-ից դուրս:
Ու հիմա Հակոբն ու Արմենն առաջարկ են ստացել Ամանորին, ի թիվս մի քանի այլ հայտնի ու սիրված երգիչների, ներկա գտնվել Լոս Անջելեսում կայանալիք ամանորյա երեկոյին: