21/11/2018 15:35
Ներկայացվեցին «Հայկական կինոյի իտալական էջերը»
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-ին «Բուխարու սրահ»-ում հայ-իտալական կինոառնչություններին վերաբերող զրույց է ծավալվել:
Առիթը «Հայկական կինոյի իտալական էջերը» գրքույկի լույսընծայումն էր, և նոյեմբերի 17-ից 30-ը Երևանում, Գյումրիում և Դիլիջանում Եվրոպական կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական կինոյի օրերը, որը նաև Կինոյի տան փոքր կինոսրահ էր բերել Էմանուելե Կրիալեզեի «Նոր աշխարհ» ֆիլմը:
Հայաստանում Իտալիայի դեսպանության, Երևանում Դանթե Ալիգերի ընկերակցության հետ համատեղ կազմակերպված երեկոն ևս մեկ առիթ էր խոսելու երկար պատմություն ունեցող հայ-իտալական կինոհարաբերություններից, հայկական կինոյի պատմության մեջ ժամանակ առ ժամանակ առկայծած իտալական էջերից:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, բացելով երեկոն, նշեց, որ հայ-իտալական կինոհարաբերությունները, թեպետ, լավ պատմություն ունեն, շատ հետաքրքիր էջեր կան այդ պատմությունում, շատ վառ անուններ ու անհատականություններ, այնուհանդերձ դրանք ամրացնելու կարիք կա, ու այս երեկոն և «Հայկական կինոյի իտալական էջերը» գրքույկի լույսընծայումը դրան է միտված:
Երեկոյին ներկա Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն իր խոսքում նախ անդրադարձավ Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակում Երևանում անցկացվող Եվրոպական կինոյի օրերին, ցուցադրված իտալական՝ «Երջանիկ, ինչպես Լազարոն» ֆիլմին, որը Կաննի կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերից է: Այնուհետև, անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին՝ նշեց, որ դրանք բավականին հին արմատներ ունեն և հավելեց, որ կինոն, մշակույթն ընդհանրապես, այդ հարաբերությունները լավագույնս ամրապնդելու գործիք են:
Իտալական «Դանթե Ալիգիերի» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որի անմիջական մասնակցությամբ է նաև ստեղծվել «Հայկական կինոյի իտալական էջերը» գրքույկը, իր խոսքում շատ հանգամանորեն անդրադարձավ հայ-իտալական մշակութային հարաբերություններին, մասնավորապես կինոհարաբերություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը մշակույթների երկխոսությունում:
Եվ մինչ ներկաները Կինոյի տան փոքր կինոսրահում կդիտեին Էմանուելե Կրիալեզեի «Նոր աշխարհ» ֆիլմը, կինոյի ու մշակույթի շուրջ սկսված խոսակցությունները գինու շուրջ շարունակվեցին Կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահ»-ում: