22/11/2018 19:03
Գյումրու թատրոնը «Ոչինչ չի մնա» ներկայացման առաջնախաղերը կնվիրի Արթուր Ապրեսովի հիշատակին
Նոյեմբերի 24-ին և 25-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ոչինչ չի մնա» ֆիլմի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան, որը նվիրված է լինելու կինոօպերատոր Արթուր Ապրեսովի հիշատակին, այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուկյան էջից:
«Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը խորը կսկիծով և մեծ ցավով տեղեկացավ կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովի անժամանակ մահվան մասին: Թատրոնի ողջ հանրույթն այս տխուր առիթով իր խորին ցավակցությունն է հայտնում Արթուր Ապրեսովի հարազատներին և ընկերներին:
Արթուր Ապրեսովը եղել է մի շարք հայտնի ֆիլմերի օպերատորը, այդ թվում նաև՝ 2007թ-ին ըստ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա նկարահանված «Ոչինչ չի մնա» ֆիլմի (ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան):
Նոյեմբերի 24 և 25-ին Գյումրու դրամատիկականում կայանալիք՝ ըստ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի և 2007-ին նկարահանված «Ոչինչ չի մնա» ֆիլմի հիման վրա բեմադրված «Ոչինչ չի մնա» ներկայացման առաջնախաղերը կնվիրվի Արթուր Ապրեսովի վառ հիշատակին», - նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Արթուր Ապրեսովը մահացել է նոյեմբերի 20-ի լուսադեմին՝ Մոսկվայում՝ սրտի կաթվածից: Նա 46 տարեկան էր: