22/11/2018 15:12
Քաղաքական դիվիդենտների հետևից չգնացի. Մակունցը՝ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը Օպերայի շենքում չկազմակերպելու պատճառների մասին
Վահագնի վթարի մասին հենց նույն օրը ինձ տեղեկացրել է պարոն Օրբելյանը, ես էլ անմիջապես շտապել եմ հիվանդանոց, որպեսզի տեսնեմ՝ ինչ է հնարավոր անել նրա կյանքը փրկելու համար, կապ եմ հաստատել նաև Առողջապահության նախարարի հետ, այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադառնալով բալետի արտիստ Վահագն Մարգարյանին՝ նշեց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Երեկվանից գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են այն հանգամանքը, որ Մշակույթի նախարարությունը մերժել է երիտասարդ արտիստի հոգեհանգիստի արարողությունը կազմակերպել Օպերայի շենքում: Լիլիթ Մակունցը ևս մեկ անգամ պարզաբանեց.
«Մեզ դիմել են երեկ չէ առաջին օրը՝ ժամը 17:00-ի հատվածում, որպեսզի հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվի հոգեհանգիստ Օպերայում: Երեկ մեր աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը մեկնաբանել է, որ դա ոչ թե եղել է մերժում, այլ՝ պայմանավորված է եղել ընթացակարգով»:
Նախարարի պաշտոնակատարը խնդրանքով դիմեց բոլորին՝ այլևս չշահարկել այս փաստը: Նա պարզապես հետևել է ընթացակարգին, հակառակ դեպքում պետք է շրջանցեր ու խախտեր օրենքն, ինչն էլ ինքը չի արել:
«Չեմ արել անգամ այն պարագայում, երբ, իհարկե, գիտակցում եմ, որ հատկապես այս նախընտրական փուլում դա ինձ, որպես ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուի, կարող էր բերել քաղաքական դիվիդենտներ: Չգնացի այդ քայլին, երբեք ինձ նման բան թույլ չէի տա», - ընդգծեց նա:
Գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ նախարարության առաջարկով Վահագն Մարգարյանի ընկերների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի Օպերայում նրա հիշատակին կազմակերպվի հիշատակի երեկո: