22/11/2018 16:40
Խնդրին անպայման լուծում կտրվի. Լիլիթ Մակունցը, Վիգեն Չալդրանյանը և Համազգային թատրոնի ստեղծագործական խումբը քննարկում կունենան
Օրեր առաջ Համազգային թատրոնի ստեղծագործական կազմի հետ հանդիպում եմ ունեցել, մանրամասն քննարկել ենք այն խնդիրները, որոնք իրենց մտահոգում են, բայց հասկանալի է, որ այն երկու կողմ ունի, պետք է լսենք ոչ միայն ստեղծագործական կազմին, այլ նաև պարոն Չալդրանյանին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով թատրոնում տեղի ունեցող լարվածությանը՝ տեղեկացրեց Լիլիթ Մակունցը:
Նշենք, որ թատրոնի մի խումբ դերասաններ չեն ցանկանում Վիգեն Չալդրանյանին տեսնել գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնում ու պահանջում են վերջինիս հրաժարականը:
«Երեկ պետք է համատեղ հանդիպում ունենայինք պարոն Չալդրանյանի և թատրոնի ստեղծագործական կազմի հետ, որպեսզի բաց քննարկման ու համատեղ որոշման միջոցով ընդհանուր եզրահանգման գայինք: Սակայն ինչ-ինչ պատճառներով հանդիպումը չկայացավ: Խնդիրն ընթացքի մեջ է, և շուտով անպայման լուծում կտրվի», - մանրամասնեց Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը: