22/11/2018 17:25
Ռուսական շաշկու աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում ոչ պաշտոնական թիմային հաշվարկով Հայաստանը գրավել է չորրորդ տեղը
Թբիլիսիում տեղի է ունեցել ռուսական շաշկու աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 6-րդ փուլը:
Մրցույթը 3 ժամանակակարգերով էր՝ կայծակնային, արագ և դասական: Հայաստանը ստուգատեսում առաջին անգամ ներկայացվել էր 5 մասնակիցներով՝ Նշան Ալավերդյան, Դավիթ Պողոսյան, Գագիկ Գրիգորյան, Վալերի Ասատուրով և Վրաստանում բնակվող Զիտա Դանիելյան:
Կայծակնային (3+2) ժամանակակարգով մասնակցում էին 32 մասնակից 8 պետություններից: Մրցույթն անց էր կացվում շվեցարական մրցակարգով՝ 9 տուրերով:
Կայծակնային ժամանակարգով լավագույն արդյունքը ցույց տվեց Հայաստանի չեմպիոն, IDF վարպետ Նշան Ալավերդյանը, որը մրցաշարում ուներ 6-րդ ռեյտինգը: Վաստակելով 10 միավոր, նա կիսեց 9-12-րդ տեղերը, իսկ ահա լրացուցիչ գործակիցներով գրավեց 12-րդ տեղը:
Նշան Ալավերդյանը գրանցեց 4 հաղթանակ, 3 պարտություն և 2 ոչ-ոքի:
Միկրոմրցախաղերի արդյունքներն այսպիսին են՝ 7 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 3 պարտություն: Նշենք նաև, որ խաղացողները միմյանց հետ խաղում էին 2 խաղ և ընդհանուր արդյունքը որոշվում է 2 պարտիաների արդյունքով:
Արագ շաշկու ժամանակակարգով (7+3) նույնպես Նշան Ալավերդյանը զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը, վաստակելով 7 միավոր:
Նույնքան միավոր վաստակեց նաև սպորտի վարպետ Դավիթ Պողոսյանը, վերջին տուրում հաղթելով Վրաստանի վեցակի և գործող չեմպիոնին՝ սպորտի վարպետ, բազմափորձ Բերուաշվիլի Ալեքսանդրին:
Դավիթը կիսեց 12-18-րդ տեղերը, իսկ գործակցով հայտնվեց 16-ր հորիզոնականում: Ոչ պաշտոնական թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց չորրորդ տեղը, Ռուսաստնից , Վրաստանից և Լիտվայից հետո:
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել շաշկու միջազգային ֆեդերացիայի հետ՝ հաջորդ տարի Հայաստանում կազմակերպել շաշկու միջազգային մրցաշարեր: