22/11/2018 16:08
Նման դեպքերի մասին ահազանգ ստանալով՝ մտահոգվեցի և անմիջապես հրապարակային գրառում կատարեցի. Լիլիթ Մակունց
Երևանի ավագանու ընտրություններից առաջ՝ սեպտեմբերի սկզբին, տեղի է ունեցել խորհրդակցություն ՊՈԱԿ-ների տնօրենների հետ, ու հիշեցվել են այն օրենքները, որոնք նրանք՝ որպես մշակութային հաստատությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, պետք է պահպանեն, այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադառնալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին ուղղված ֆեյսբուքյան զգուշացմանը՝ նշեց Լիլիթ Մակունցը:
Դեռևս նոյեմբերի կեսերին Լիլիթ Մակունցը գրառում էր կատարել, որում մասնավորապես ասվում էր.
«Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:
Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ:
Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ները»:
Հարցին՝ արդյոք հնարավոր չէր ոչ թե ֆեյբուքյան էջի միջոցով, այլ՝ ըստ ընթացակարգի այդ մասին տեղեկացնել տնօրենին, որն էլ իր ենթակային համապատասխան տույժի կենթարկեր, պատասխանեց.
«Երբ ես նշված օրը ահազանգ ստացա, որ նման դեպքեր են տեղի ունենում, շատ մտահոգվեցի և նպատակահարմար համարեցի անմիջապես դրա մասին միայն հրապարակային գրառում անել: Պարոն Օրբելյանի հետ այդ թեմայով մենք խոսել ենք առավոտյան 8:30-ին, ու կարծում եմ, դա արդեն փակված է», - նշեց նա: