23/11/2018 09:41
Ովքեր են նվիրատվություններ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Լոս Անջելեսում այս գիշեր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Այս տարի համազգային դրամահավաք-միջոցառման համար ընտրվել է «Արարենք միասին» խորագիրը։
Առայժմ պաշտոնապես չի հրապարակվել, թե վերջնական արդյունքում որքան գումար է հավաքվել համազգային ջանքերով: Հիմնադրամը, սակայն, հրապարակել է, թե ովքեր են կատարել նվիրատվություններ:
«Հեռուստամարաթոն 2018»-ի ավարտից 40 րոպե առաջ հայտարարվեց, որ շուրջ 11.5 ժամում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 10 միլիոն 808 հազար 160 դոլար:
Մանսավորապես, ըստ աղբյուրի, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հիմնադրամին նվիրաբերել է իր կես տարվա աշխատավարձը։
Հայաստանում Չինաստանի դեսպանատունը Հիմնադրամին է նվիրաբերել 17 հազար 500 դոլար, որի շնորհիվ Աշոցքի դպրոցը կօգտագործի արևային էներգիա։
Իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանների շնորհիվ հիմնանորոգվելու է Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհը. Նրանք նվիրաբերել են 1 մլն 340 հազար ԱՄՆ դոլար:
Նվիրատվություն է կատարել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանի նվիրատվության շնորհիվ հիմնանորոգվելու է Գետավանի դպրոցը. Նա տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլար:
Հեռուստամարաթոն-2018-ին 200 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել նաև «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը:
«Գրանդ» Հոլդինգի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանների նվիրատվության շնորհիվ հիմնանորոգվելու է Դիլիջան-Իջևան պետական նշանակության ճանապարհը, ինչպես նաև կբարեկարգվի Արցախի Աստվածամոր Սուրբ Հովանի նորակառույց եկեղեցու շրջակա տարածքը։ Նրանք այս գործին նվիրաբերում են 60 մլն դրամ:
ԱԱԾ աշխատակիցները «Հայաստան» հիմնադրամին հանգանակել են 9 մլն 527 400 դրամ: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել իր մեկ ամսվա աշխատավարձը:
Գևիկ և Փիթեր Բաղդասարյաններն ու ընկերները 61 հազար դոլար են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2018-ին:
Ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանը 1 մլն 000 000 դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2018-ին:
Իրանի հայ համայնքը 100 հազար դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2018-ին
Նշենք, որ Հայաստան Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում մինչ այս մարաթոնը անցկացրել էին ավանդական հեռախոսամարաթոններ: Մասնավորապես, Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել էր 1 մլն 300 հազար կանադական դոլար: Եվրոպայի հայությունը հանգանակել էր ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:
Հանգանակված նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնաարդյունքին:
Հիշեցնենք՝ 2017-ին «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12,505,456 դոլար։