23/11/2018 17:41
Ովքե՞ր են ընտրություններին մասնակցող նորահայտ կուսակցությունների ռեյտինգայինները
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցող այսպես կոչված վետերան քաղաքական ուժերի կողքին, ինչպես հայտնի է, հանդես են գալիս նաև նոր ստեղծված կուսակցությունները:
Ընտրություններից առաջ հասցրեց գրանցվել Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Նրանց ցուցակում 81 թեկնածու է, իսկ յուրաքանչյուր ընտրատարածքում մինչև տասը թեկնածու է առաջադրվել:
Ցուցակը գլխավորում է տնտեսագետ Սուրեն Սահակյանը, այնուհետև եռյակում է՝ իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը և մանկավարժ Ռուզաննա Տոռոզյանը:
ՔՈ ՍԴԿ-ի ռեյտինգայինները հանրությանը հայտնի անձինք չեն: Նրանց շարքերում կան տնտեսագետներ, քաղաքագետներ, կենսաֆիզիկոսներ, ճարտարագետներ, մարկետոլոգներ:
Այս ընտրությունների հաջորդ նորությունը «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն է, որի 85 հոգուց կազմված ցուցակում հանրությանը հայտնի է միայն քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Հենց նա էլ գլխավորում է համամասնական ցուցակը: Բացի այդ, այս կուսակցության հետ ընտրապայքարին է մասնակցում նաև ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հայկ Սանոսյանը, որը խորհրդարան էր անցել Հանրապետական կուսակցության հետ միասին:
Այս կուսակցության ռեյտինգայինների մասնագիտական պատկերը խայտաբղետ է՝ խորհրդարան անցնելու հայտ են ներկայացրել խոհարարից, խոհարարի օգնականից, պահեստապետից մինչև անհատ ձեռնարկատեր:
Մյուս հայտնությունը «Ազգային առաջընթաց» կուսակցությունն է, որը միակ կուսակցությունն է, որի ցուցակը կին է գլխավորում՝ սոցիոլոգ Լուսինե Հարոյանը: Ցուցակն ընդհանուր թվով ունի 84 թեկնածու:
Ռեյտինգային թեկնածուների մեջ հանրությանը հայտնի անձինք չկան: Բոլոր 13 ընտրատարածքներում առաջադրվածների քանակը չի անցնում հինգը: Նրանց մեջ կան իրավապաշտպաններ, մանկավարժներ, տեխնիկներ, գյուղատնտեսներ նաև՝ գործազուրկներ:
«Սասնա ծռեր» կուսակցությունը ևս հասցրեց գրանցվել ընտրություններից առաջ: Կուսակցության հիմնադիրները հանրությանը շատ հայտնի են՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանն է ու ոստիկանության ՊՊԾ գնդի զինված հարձակման մասնակիցները, որոնք այս պահին ամբաստանյալներ են:
Ընտրատարածքներում այս կուսակցության թեկնածուների թիվը հասնում է մինչև 15-ը: Նրանց շարքերում կան ուսուցիչներ, անհատ ձեռնարկատերեր, դասախոսներ: Գևորգ Սաֆարյանն առաջադրվել է Երևանի թիվ 3 ընտրատարածքում, Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը՝ թիվ 7 ընտրատարածքում: Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արեգ Կյուրեղյանը ռեյտինգային թեկնածու է թիվ 4 ընտրատարածքում, իսկ Արմեն Լամբարյանը՝ թիվ 9 ընտրատարածքում:
Ուշագրավ է, որ համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը, ինչպես նաև հաջորդողները՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ու Գարեգին Չուքասզյանը ռեյտինգային ընտրակարգով չեն առաջադրվել: