23/11/2018 19:00
Ղարաբաղի ցանկացած իշխանություն պետք է համագործակցի Երևանի հետ. Սամվել Բաբայան
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրություններում սատարել որևէ քաղաքական ուժի։
«Որևիցե ուժի ես չեմ սատարում։ Ես սատարում եմ քաղաքական դաշտի ընդհանուր զարգացումներին։ Բոլոր քաղաքական ուժերին ես նորմալ եմ վերաբերում», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բաբայանը։
Լրագրողը հիշեցրեց իր հայտարարությունը, թե եթե թողնեն իշխանությունները՝ կգնա Արցախ, ի պատասխան Բաբայանը նախ ուղղեց լրագրողին, ասելով, որ ինքը նման արտահայտություն չի արել, այնուհետև շարունակեց. «Ես չեմ ասել՝ իշխանությունները եթե թողնեն։ Ինձ՝ պարոն Բաբայանին, ոչ մեկ չի ծնվել թողնի կամ չթողնի։ ես էս երկրում երեք անգամ դատվեցի մենակ էդ ազատության համար։ Ես ասել եմ, որ Ղարաբաղի ցանկացած իշխանություն պետք է համագործակցի Երևանի հետ, Երևանի կարծիքը գլխավոր ա։ Երևանը դեռ կարծիք չի հայտնել՝ ինչ ա անելու ընդեղ։ կասի, կարտահայտի, նոր կխոսենք»։