23/11/2018 10:04
«Հրապարակ». Վիգեն Սարգսյանի հետ հարցազրույցից հետո Պետրոս Ղազարյանի հաղորդումն այլևս ուղիղ եթեր չի լինի
«Հրապարակը» գրում է, որ Հանրային հեռուստաընկերությունում չգիտեն, թե ով է փոխարինելու լուրերի ղեկավար Վահագն Թևոսյանին, որը ՔՊ համամասնական ցուցակով մասնակցում է ընտրություններին, բայց հայտնի չէ՝ կգնա պառլամե՞նտ, թե՞ կնախընտրի վերադառնալ Հանրային։
«Մեկ շաբաթ առաջ մեզ ժողովի կանչեցին, կարծում էինք՝ նոր տնօրենին կներկայացնեն՝ Կառլեն Ասլանյանին, կամ գուցե Պետրոս Ղազարյանին, սակայն պրոդյուսերը՝ Ռուբեն Շահինյանը, ասաց՝ շարունակում ենք նախկին ձևով աշխատել, մինչև հարցը որոշվի», - «Հրապարակ» թերթին ասել է Հ1-ի աղբյուրը։
«Ի դեպ, նախկինում լրատվականի և տնօրինության «շենքերը» միմյանց հետ առանձնապես կապ չունեին, ահագին անկախ էին, հիմա իրավիճակ է փոխվել։ Ակնհայտ է նաև մրցակցությունն «Ազատություն» ռադիոկայանի և մեր միջև, ինչն ակնառու դարձավ Վիգեն Սարգսյանի դեպքում․ սկզբում մեր եթեր եկավ՝ Պետրոս Ղազարյանին հյուր, ապա Կառլեն Ասլանյանի մոտ՝ «Ազատություն»», - ասել է աղբյուրը:
Ինչ վերաբերում է Պետրոսի հաղորդմանը՝ «Այսօր իրականում» հաղորդաշարին, ապա դրա առաջին թողարկումը, որի հյուրն էր Վիգեն Սարգսյանը, ուղիղ եթեր է գնացել, սակայն բավականին խնդիրներ են առաջացել․ Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն անձամբ է ռեժիսորական տաղավարից կարգավորել հաղորդման ընթացքը և փորձել է հուշել Պետրոս Ղազարյանին, որ չընդհատի հյուրին, ինչը նրան դուր չի եկել, և նա հաղորդման կեսից հանել է ականջակալները։ Այս միջադեպից հետո որոշվել է, որ հաղորդումն այլևս ուղիղ եթեր չի տրվելու, և մյուս հաղորդումները նախապես նկարահանվում են»: