23/11/2018 16:49
Դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիները, ըստ էության, ընտրելու են ընդդիմություն, որովհետև իշխանության հարցը լուծված է. Մարուքյան
Դեկտեմբերի 9-ին փակվելու է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շրջափուլը, որից հետո սկսվելու է համակարգ ստեղծելու, կառուցելու ժամանակահատվածը, այսօր քարոզարշավի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նրա ներկայացմամբ, իր ղեկավարած քաղաքական ուժը ներկայացնում է հայտ՝ խորհրդարանում երկրորդ քաղաքական միավորը լինելու համար։ Նրանք չեն հավակնում առաջին տեղին, քանի որ, ըստ Մարուքյանի, այդ հարցը հեղափոխությունը լուծել է։
«Դեկտեմբերի 9-ին Հայաստանի քաղաքացիները որոշելու են՝ որ ուժերն են մյուս ուժերը։ Դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիները, ըստ էության, ընտրելու են ընդդիմություն, որովհետև իշխանության հարցը լուծված է։ Հեղափոխություն իրականացրած ուժը, բնականաբար, ձևավորելու է քաղաքական մեծամասնություն», - ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ ունեն պրոֆեսիոնալ կադրեր և կարող են պետական համակարգի կայացման գործում ունենալ ներդրումներ։
Քաղաքական գործչի խոսքով, նախընտրական քարոզարշավի ժամանակը կարճ է, այդ պատճառով իրենք այն կիրականացնեն երկու ուղղությամբ:
«Մենք փորձելու ենք ծածկել հանրապետության ամբողջ տարածքը: Համամասնական քարոզարշավ իրականացնող, այսինքն` հանրապետության ամբողջ տարածքով շրջող խումբը, որը ես եմ առաջնորդելու, լինելու է հանրապետության 47 համայնքներում, իսկ քարոզչության մյուս խումբը, տիկին Թանդիլյանի գլխավորությամբ, լինելու է Երևան քաղաքում», - ներկայացրեց Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Լուսավորի՛ր Հայաստանը» կարգախոսով, իսկ քարոզարշավը կսկսի Ագարակ քաղաքից: