23/11/2018 17:26
Ծնվել է դերասան Արթուր Բարսեղյանի դուստրը՝ Մարիամը
Այսօր` ժամը 15:45-ին, «Սլավ մեդ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել դերասան Արթուր Բարսեղյանի դուստրը: Aysor.am-ի հետ զրույցում երջանիկ հայրիկը պատմեց՝ դստերն արդեն տեսել է, կնոջը՝ ոչ, սակայն կարևորն այն է, որ երկուսն էլ իրենց լավ են զգում:
«Քանի որ փոքրիկս կեսարյան հատումով է ծնվել, կինս դեռևս «բոքսում» է, հիվանդասենյակ չեն բերել: Բալիկիս տեսել եմ, շատ փոքրիկ է՝ 3 կգ 31 գրամ քաշն է, 53 սմ՝ հասակը: Նա մեր երկրորդ զավակն է, բայց հավատացեք, այդ բոլոր զգացողությունները նորովի եմ ապրում: Քանի որ որդի ունեինք, աղջիկ ունենալու ցանկությունը շատ մեծ էր: Երջանիկ եմ, որ մեր երազանքը կատարվեց», - ժպիտով ու հուզմունքով նշեց մեր զրուցակիցը:
Նորածինը կրում է հորական տատիկի անունը՝ Մարիամ: Դերասան հայրիկը նշեց՝ ինքն ու կինը վաղուց էինք պլանավորել, որ երբ էլ աղջիկ ունենան, նրա անունով են կոչելու:
Նրանց որդին արդեն չորսուկես տարեկան է, նորածին քույրիկին դեռ չի տեսել, բայց անհամբերությամբ էր սպասում:
«Նրա մեջ անընդհատ սերմանել ենք, որ ինքը շուտով քույրիկ է ունենալու, որն աշխարհի ամենալավ քույրիկն է լինելու: Տղաս նույնիսկ նվերներ է պատրաստել Մարիամի համար ու անհամբեր սպասում է նրա գալուն», - ընդգծեց նա:
Փոքրիկի խնամքի հարցում մայրիկի միակ օգնականը Արթուրը կլինի, ով էլ սիրով պատրաստվում է ստանձնել այդ կարևոր պարտականությունը:
«Ծնողներս այստեղ չեն ապրում, մեր ընտանիքում ես եմ, կինս, տղաս, ու այսօրվանից արդեն մեր դստրիկը: Ես ու որդիս մայրիկին այդ հարցում կօգնենք», - եզրափակեց դերասանը:
Aysor.am-ը շնորհավորում է Արթուր Բարսեղյանին և կնոջը, փոքրիկ Մարիամին էլ ցանկանում ենք անհոգ ու երջանիկ մանկություն: