23/11/2018 16:24
Պարոն Փաշինյան, «ափդեյթ» արեք Ձեր թիմը՝ Ձեր իսկ հաջողության համար. Սարգիս Գրիգորյան
Դերասան Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 24-ին հրավիրված երևանյան երթին: Այդ առիթով նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
«Նոյեմբերի 24-ի քայլելու մասին...պ-ն Փաշինյան, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ԻՄ ՔԱՅԼՆ արդեն արել եմ (ընտանիքով) ու շատ լուրջ եմ արել: Կարծում եմ՝ մնացած բոլոր քայլերն արդեն Ձեր և Ձեր ձևավորած թիմի հետ պիտի անեք... Ես ֆիտնեսի կարիք չունեմ, իմ անձնական մարզիչն իր գործը պրոֆեսիոնալ կատարում է... Հաջողություն եմ մաղթում քայլարշավին ու ակնկալում, որ բացի քայլելուց Հայաստանի Հպարտ քաղաքացիները նաև կլինեն արժանի այդ հպարտությանը...
P.S. պ-ն Փաշինյան, «update» արեք Ձեր թիմը Ձեր իսկ հաջողության համար և նաև ի շահ ՀՀ ապագայի», - գրել է դերասանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, որ նոյեմբերի 24-ին համաերևանյան երթ է լինելու, որը սկսվելու է Նոր Նորք թաղամասից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից: