23/11/2018 14:50
Մեկնարկում է Սերգեյ Սմբատյանի համերգաշարը Մալթայում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում
Նոյեմբերի 23-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում կներկայացվեն ինչպես մալթացի հեղինակների ստեղծագործություններ, այնպես էլ հատված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից։
Իսկ նոյեմբերի 24-ին մեկնարկում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի միջազգային համերգային շրջագայությունը Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգները տեղի կունենան Մալթայի մայրաքաղաք Վալետայում, ԱՄՆ-ում (Ֆիլադելֆիա, Հյուսիսային Բետեսդա, Նյու Յորք), Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ)։
Նյու Յորքի համերգը կկայանա հանրահայտ Կարնեգի հոլում, մոսկովյան հանդիսատեսի հետ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինյան թատրոնում։
Նվագախմբի հետ ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, ավստրիացի դաշնակահար Ինգոլֆ Ուանդերը։
Վեց սիմֆոնիկ համերգները միջազգային համերգաշարի շրջանակներում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի կունենան նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 7-ը։ Համերգային ծրագրում կներկայացվեն մալթացի կոմպոզիտորներ Ժոզեֆ Վելլայի և Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները, ինչպես նաև՝ Դմիտրի Շոստակովիչի Հինգերորդ սիմֆոնիան։
Համերգային շրջագայությունն անցկացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ համագործակցությամբ։