24/11/2018 10:41
«Իմ քայլը» շարժման հարթակն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները. Փաշինյան
Այսօրվա մեր երթը մի յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք միասին սկսեցինք 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, որը պսակվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ, այսօր Նոր Նորքի 6-րդ զանգվածից երթի մեկնարկի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նոր Նորքի փողոցներով Փաշինյանը քայլում է իր թիմի՝ կառավարության անդամների հետ։ Նա բարձրախոսով հայտարարեց, որ «Իմ քայլը» շարժման հարթակը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները։
«Մենք ձեզ խոստացել էինք, որ եթե դուք ցույց տաք, արտահայտեք ձեր կամքը, որ ուզում եք՝ Հայաստանում տեղի ունենա փոփոխություն, այդ փոփոխությունը տեղի կունենա, և մենք կլինենք դրա երաշխավորը, որ ժողովրդի կամքը կդառնա կոնկրետ քաղաքական իրողություն։ Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է», - հայտարարեց Փաշինյանը։
Հաջորդ խոստումը, որի մասին հիշեց վարչապետի պաշտոնակատարը, ընտրությունների արդյունքները կեղծելն ու ընտրակաշառքներ բաժանելու սովորությունը վերացնելն է։ «ՏԻՄ և Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով այս պարտավորությունը լիարժեք կատարված է», - հայտարարեց Փաշինյանը։
Նախկին հեղափոխականը հիշեց նաև մենաշնորհների վերացման մասին։ «Այսօր Հայաստանի ոչ մի շուկայում չկա ոչ մի խոչընդոտ և ուրեմն այդ պարտավորությունը լիարժեք կատարված է», - նշեց Փաշինյանը։
Նա հիշեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոստումը, որը նույնպես, նրա խոսքով, «լիարժեք կատարված է»։
«Այսօր Հայաստանում ամբողջ ծավալով ընթանում է պայքար կոռուպցիայի և կոռուպցիոն երևույթների դեմ։ Այս պայքարը մանդատ ստանալու պարագայում, մեր կառավարությունը անպայման կշարունակվի», - նշեց նա։
Վարչապետի պաշտոնակատարը բնակչությանը բարձրախոսով նաև վստահեցրեց, որ այսօր Հայաստանում չկա որևէ անձ, որն արտոնյալ է ու կարող է ասել, որ ինքը այլ անձանցից ունի ավելի լայն արտոնություններ։
Մյուս խոստումը, որը հիշեցրեց Փաշինյանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որը նույնպես, ըստ էության, կկատարվի. Դեկտեմբերի 9-ին ընտրություններ են։
Նկատենք, որ Փաշինյանը նաև խոստացել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որը, սակայն, կատարված չէ։ Վարչապետի պաշտոնակատարը երթի ընթացքում այդ հանգամանքը չնշեց։