24/11/2018 13:35
Այս խորհրդարանը լինելու է լեգիտիմ, գործելու է երկար և դրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն. Փաշինյանն արձագանքում է Սեֆիլյանին (Տեսանյութ)
Հայաստանում բոլորը երկար կյանք կունենան, այդ թվում նաև նոր խորհրդարանը, այսօր երևանյան քայլերթի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Սասնա ծռերի» նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին։
Հիշեցնենք՝ Սեֆիլյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու՝ ամենաշատը 1.5 -2 տարի հետո նոր ընտրություններ են լինելու։ Որպես պատճառ Սեֆիլյանը նշել էր, որ խոստացված արմատական փոփոխությունները, որոնք պետք է կատարվեին հեղափոխությունից հետո, մինչև այսօր տեղի չեն ունեցել՝ Ընտրական օրենսգիրքը չի բարեփոխվել, Հանրապետական կուսակցության գործունեությունը չի կասեցվել և այլն։
Փաշինյանը, հակառակը, համոզված է, որ նոր խորհրդարանը գործելու է իր ամբողջ ժամկետով՝ 5 տարի։
«Դա ժողովրդի որոշումն է, որևէ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել։ Այս խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ժողովրդի վստահության մանդատը ունեցող և դրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն, որովհետև այս ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ», - նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ միջազգային կառույցները արդեն իսկ դրական առաջընթացներ են արձանագրում խոսքի ազատության ոլորտում։