24/11/2018 09:38
«Ժամանակ». Օրենքը չի նախատեսում, որ որևէ թեկնածու կարող է ունենալ վճարովի ակտիվիստներ
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարում էր, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքերը: Հիմա ճիշտ ժամանակն է, որ բացահայտվեն ընտրակաշառքի բաժանման թաքնված ձևերը: Դրանցից ամենատարածվածը թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում ակտիվիստների ընդունելն է:
Շատ թեկնածուներ, այսպես կոչված, աշխատանքի են ընդունել 50 կամ մինչև անգամ հարյուր ակտիվիստի՝ նրանց վճարելով 50-100 հազար դրամ՝ խոստանալով պարգևավճար թեկնածուի հաղթանակի դեպքում: Սա բացահայտ օրենքի խախտում է, որովհետև օրենքը չի նախատեսում, որ որևէ թեկնածու կարող է ունենալ վճարովի ակտիվիստներ: Մինչդեռ վճարված ակտիվիստը բարոյապես և ֆինանսապես պարտավորված է զգում իր ընտանիքի անդամներին, մտերիմներին ուղղորդել դեպի այն թեկնածուն, ում համար ինքն աշխատում է, որովհետև թեկնածուն խոստացել է հաղթանակի դեպքում կրկնապատկել, այսպես կոչված, աշխատավարձը:
Ցանկության դեպքում իրավապահ մարմինները շատ հեշտությամբ կարող են բացահայտել ընտրակաշառքի բաժանման այս թաքնված ձևը, որը ընտրողներին ֆինանսապես ուղղորդելու միջոց է»: